«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում քաղաքական ուժերը փորձում են համաձայնության եզրեր գտնել, առայժմ վարչապետի միակ թեկնածուն է «ԵԼՔ» դաշինքից առաջադրված, «Իմ քայլը» շարժան առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է ընդունել վարչապետի սեփական թեկնածու չառաջադրել: Այս մասին հայտարարել է կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ առայժմ չի կարող ասել, թե ում օգտին կքվեարկեն Հանրապետական պատգամավորները մայիսի 1֊ին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին:

«Թե ում կքվեարկենք՝ կապված է նրա հետ, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան թեկնածուները»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Ազգային ժողովի մեծամասնությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը չի առաջադրի վարչապետի սեփական թեկնածու:

«Ամբողջ թիմով, մեկ մարդու նման ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին, մենք թեկնածու չենք առաջադրելու, ժողովուրդն ում կհայտարարի, մենք էլ մեկ մարդու պես սատարելու ենք նրան»,- հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպում է տեղի ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև:

Իշխող «Հանրապետական» կուսակցությունն առայժմ չի հրապարակել իր դիրքորոշումը վարչապետի ընտրության վերաբերյալ: Սակայն որոշ հանրապետականներ հայտարարել են, որ վարչապետի «համաժողովրդական» թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելը բացառվում է:

Սա այն պարագայում, երբ որ համաժողովրդական շարժման ներկայացուցիչները պահանջում են և նույնիսկ պայքարում, որ այդ պաշտոնում լինի հենց իրենց առաջնորդ Փաշինյանը և բացառելով որևէ ուրիշ այլ թեկնածուի պաշտոնավարումը:

Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է. «Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում Հանրապետականը չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները»:

ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին և սեփական թեկնածու չի առաջադրի։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միակամ է եղել, և վարչապետի պաշտոնում սատարելու են Փաշինյանի թեկնածությունը:

«Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ գոյություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած եղանակով: Արտահերթ ընտրությունները ևս պետք է ընդունեն Սահմանադրության դրույթները: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք է կարողանանք միասին, համախոհությամբ բոլոր հարցերը լուծենք»:

Իսկ ընդդիմության առաջնորդ, «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով ժողովրդին ասել է. «Այս հաղթանակը կերտել է ձեզնից յուրաքանչյուրը: ՀՀ-ում այլևս ժողովրդի իշխանություն է հաստատվել, սրանից հետո որևէ այլ կերպ չի լինելու: Վարչապետը, կառավարությունը մնացած պաշտոնյաները պետք է ծառայեն ժողովրդին: Ով չի ուզում ծառայել ժողովրդին, պետք է ազատի պաշտոնը»:

Այսպիսով միայն «Ելք»-ն է առաջադրել Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու: Նշենք, որ ընդդիմությունը պատգամավոր Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա քաղաքական պրոցեսն առաջնորդի դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։

Հայաստանի Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում ընտրվելու է նոր վարչապետ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն բոլոր խմբակցությունները, կարող են նաև քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրել վարչապետի մեկ թեկնածու:

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց: