Ամեն տարի վրացական բուհեր դիմորդների քանակը գնալով շատանում է: Ինչու են նրանք ընտրում վրացական բուհերը, ինչ մասնագիտություններ են ուզում ստանալ և ինչի մասին են երազում:

Ախալքալաքում այս տարի կա 112 շրջանավարտ, չհաշված վրացական դպրոցի 12-րդ դասարանցիները: №1 դպրոցը ունի 24 շրջանավարտ, №2 դպրոցը` 44, №4 դպրոցը` 39, և №5 դպրոցը` 5 շրջանավարտ: Շրջանավարտներից 42-ը դիմել են Թբիլիսի, իսկ մնացածը՝ Երևան, Ռուսաստան, կամ ընդհանրապես չեն շարունակում կրթությունը:

Անդրանիկ Նահապետյանը, Անդրանիկ Մուրադյանը և Արտաշ Խանոյանը սովորում են №5 դպրոցի 12-րդ դասարանում: Նրանց դպրոցում կա ընդհամենը հինգ շրջանավարտ և բոլոր հինգն էլ սովորելու համար դիմել են Վրաստանի ԲՈՒՀ-եր: Մեր զրուցակիցները սովորելու ցանկության գլխավոր պատճառը նշեցին, այն որ իրենք իրենց ապագայի պլանները կապում են Վրաստանի հետ, մասնավորապես` Ախալքալաքի:

Արտաշ Խանոյան` 18 տարեկան: Նա արդեն դիմում է ներկայացրել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան: Չնայած
1 + 4 արտոնյալ ծրագրի համար դեռ չեն նշել մասնագիտությունը, բայց Արտաշը արդեն որոշել է, թե ինչ է ուզում դառնալ:

«Ես ուզում եմ դառնալ տնտեսագետ, շատ եմ սիրում մաթեմատիկան ու աշխատել թվերի հետ: Դա ազդել է իմ մասնագիտության ընտրությանը: Ես դեռ վրացերենին լավ չեմ տիրապետում, բայց շատ հուսով եմ, որ մեկ տարում կկարողանամ հստակորեն տիրապետել վրացերենին », – ասում է Արտաշ Խանոյանը:

Միակ բանը, որ մի քիչ մտահոգում է նրան, դա այն է, որ հարազատներն ու բարեկամները հեռու կլինեն:
Արտաշ Խանոյանը երազում է համալսարանն ավարտելուց հետո սեփական բիզնեսը ստեղծելու մասին: Արտաշ Խանոյանը, որպես մաթեմատիկոս, արդեն ամեն ինչ հաշվարկել է: Նա համեստորեն նշում է, որ ունի սիրած աղջիկ:

Անդրանիկ Մուրադյանը նույնպես 18 տարեկան է: Նա շատ է սիրում հումանիտար առարկաները:
«Ես սիրում եմ աշխարհագրությունը, պատմությունը, բայց դեռ չեմ ընտրել մասնագիտությունս: Ես ուզում եմ սովորել Ախալքալաքում: Վրացերենից ես ստանում եմ հինգեր, վեցեր: Զբաղվել եմ բռնցքամարտով, բայց քանի որ դասերս չէի հասցնում, թողեցի սպորտը », – ասում է Անդրանիկ Մուրադյանը:

Չնայած Անդրանիկը դեռ չի կողմնորոշվել իր մասնագիտության ընտրության հարցում, նա գիտի, թե ինչպիսին է լինելու իր ընտրյալը, պետք է լինի համեստ, գեղեցիկ և լավ բնավորությամբ:

Անդրանիկ Նահապետյանը մանկությունից երազում է դառնալ զինվորական: Այս մասնագիտության հանդեպ սերը նրա մոտ առաջացրել է հորեղբայրը: Անդրանիկը արդեն հայտը լրացրել է Վրաստանի պաշտպանության ակադեմիայում` Գորիում սովորելու համար: Նա շատ լավ է տիրապետում վրացերենին, նրա մայրը վրացուհի է:
«Ես մանկությունից, նույնիսկ մինչ դպրոցն արդեն երազում էի զինվորական դառնալ և ոչ մի պահ չեմ կասկածել մասնագիտության ընտրության հարցում: Իմ հորեղբայրը զինվորական էր, ու ես շատ եմ սիրում այդ մասնագիտությունը: Ես գիտեմ, որ դժվարություններ կլինեն, բայց կարծում եմ, եթե սիրում ես մասնագիտությունը, ապա ամեն ինչ հաղթահարելի է: Արդեն 20 փաստաթուղթ հավաքել և դիմումը ներկայացրել եմ », – ասում է Անդրանիկ Նահապետյանը:

Անդրանիկ Նահապետյանի խոսքերով, Գորիի Զինվորական ակադեմիայի պատմության մեջ նա երկրորդ հայը կլինի: Զինվորական ակադեմիայի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են:

«Ես շատ եմ ուզում դառնալ զինվորական, ինձ համար գլխավորը դա է, և դրա համար պատրաստ եմ ամեն ինչի », – ասում է նա:

Անդրանիկ Նահապետյանը շատ է սիրում էքստրիմը, դպրոցում լավ է սովորում, թեև չունի սիրած առարկա:

Հարցին, թե ինչպիսին պիտի լինի նրա կյանքի ուղեկիցը, հստակորեն, ինչպես զինվորականը պատասխանում է. «ինձանից բարձրահասակ չպետք է լինի»:

Շուշան Շիրինյան