2018 թվականի երեք ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջության եկամուտը կազմել է ավելի քան 0,5 մլրդ դոլար, ինչը 31,3%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը, հաղորդում է IMEDI հեռուստաընկերությունը:

Միայն այս տարվա մարտին զբոսաշրջության եկամուտը աճել է մինչ 237 միլիոն դոլար, ինչը համարվում է ամենաբարձր ցուցանիշը` 2017 թ.-ի սեպտեմբերից հետո: Այսպիսին են վիճակագրական տվյալները, որոնք հիմնված են Վրաստանի Ազգային բանկի վերլուծական հաշվետվությունների վրա:

Ազգային բանկի տվյալներով, 2018 թ. հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջային եկամուտը կազմել է 561 մլն դոլար:

2017 թվականին երկիրը զբոսաշրջությունից ընդհանուր առմամբ ստացել է 2.8 միլիարդ դոլար, իսկ այս տարի փորձագետները ակնկալում են, որ ցուցանիշը կաճի մինչ 3 միլիարդի:

Վրաստանում միջազգային այցելուների թիվը տարեց տարի աճում է: Երկրի զբոսաշրջության ազգային վարչության վերջին տվյալներով, մարտին Վրաստան է այցելել 578,5 հազար միջազգային այցելու, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 67,4 հազ.-ով ավելի է:

Ընդհանուր առմամբ, մարտ ամսվա ընթացքում զբոսաշրջիկների թիվն աճել է 33%-ով, իսկ միջազգային այցելուներինը` 13.2%-ով: