Ապրիլի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրա օգտին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 17: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետրության դեմ բողոքողները շարունակում են շուրջօրյա հանրահավաքներ ու նստացույցեր անցկացնել:

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ցուցարարներին առաջնորդող Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու բողոքականներն այսօր արգելափակել են մի շարք պետական շենքեր՝ խափանելով վերջիններիս աշխատանքը և թույլ չտալով նախարարությունների աշխատակիցներին դուրս գալ շենքերից: Իսկ երեկոյան 18:30-ին հանրապետության հրապարակում սպասվում է Հայաստանի պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքը:

Սերժ Սարգսյանը մինչ քվեարկությունը հայցել է բոլորի, այդ թվում՝ ընդդիմության քվեն: Նրա խոսքով՝ պատմությունն է իր ղեկավարման իրական գնահատականը տալու:

«Մարդիկ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետը, այլ խորհրդարանական Հայաստանում ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Չի ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է, բայց դե ժանրի կանոնն է, բա հո ձեռքները ծալած չեն նստելու»,- ասել է նա: