Բավրայի դպրոցն աշխատում է երկու հերթափոխով և ունի յոթը դասարան, որտեղ սովորում է 115 աշակերտ: «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը փորձելու է միջոցներ գտնել հավելյալ դասասենյակներ կառուցելու համար:

Այս դպրոցը պատրաստ չէ միանգամից ընդունելու մեծ թվով աշակերտների: Խոսքը ոչ միայն շենքային հնարավորությունների մասին է, այլև՝ պայմանների:

Գյուղի հանրային դպրոցի տնօրեն Միսակ Շիրինյանը պատմեց, որ իրենց դպրոցը նախկինում ութամյա է եղել, հետո երբ դարձել է միջնակարգ, այդ ժամանակ էլ առաջացել է դասասենյակների խնդիրը: Դպրոցին անհրաժեշտ է ևս 6 դասասենյակ:

erexa

«Կոսմետիկ վերանորոգում էլ է անհրաժեշտ, պատուհանները փոխված են, բայց դռները՝ ոչ: Եթե 6 դասարան կառուցեն, ապա ջեռուցման սիստեմն էլ միանգամից կանցկացնեն, հիմա վառարաններով ենք տաքացնում դասարանները», – նշեց տնօրենը:

Բավրայի դպրոցը համագործակցում է Կարիտաս բարեգործական հասարակական կազմակերպության հետ:

«Կարիտաս կազմակերպությունից եկան տեսան, տեղում ուսումնասիրեցին դպրոցի վիճակը և գծագրեցին: Կսարքեն, թե՝ ոչ, չեմ կարող ասել, իրենք պետք է հովանավոր գտնեն: Մոտավոր 8 ամսվա ընթացքում պետք է պատասխանեն: Սպասում ենք լավ լուրերի: Ժամը 6-ին նոր ենք վերջացնում դասերը, հիմա էլի լավ է օրերը երկարել են, ձմռանը երեխաները մթին են տուն գնում», – ասաց տնօրենը:

bavra

Մեզ հետ զրույցում Վրաստանում գործող «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունից հաստատեցին, որ իրենց ներկայացուցիչները եղել են և տեղում գնահատել դպրոցի վիճակը: Հիմա ծրագիր են գրում, որ հովանավոր գտնեն, տարբեր հիմնադրամների են դիմում շինարարությունն իրականացնելու համար դրամական միջոցներ գտնելու:

Աղունիկ Այվազյան