Ապրիլից Ախալքալաքի քաղաքապետարանում սկսեց գործել երկու ծառայություն՝ Շինարարության վերահսկողություն և Աուդիտ: Փոփոխություններ են տեղի ունեցել նաև գյուղերի և քաղաքի քաղաքապետի ներկայցուցիչների և մասնագետների կազմում:

Շինարարության վերահսկողության և Աուդիտի ծառայությունները բացվել են այս տարվա հունվարից, սակայն նրանք սկսեցին աշխատել ապրիլին:

Յուրաքանչյուր ծառայությունում կա մեկ բաժին: Ծառայությունում աշխատում է չորս մարդ՝ ծառայության ղեկավարը, բաժնի պետը և երկու մասնագետ:

2018 թ.-ի սկզբից եղել է նաև այլ կադրային փոփոխություն: Սոցիալական ծառայությունը որպես բաժին մտել է ադմինիստրացիայի կազմի մեջ: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նախկին սոցիալական ծառայության աշխատակիցները տեղափոխվել են բաժին, բացառությամբ մեկի, ով ազատվել է աշխատանքից իր սեփական դիմումի համաձայն:

Շինարարության վերահսկման ծառայությունը վերահսկողություն է իրականացնելու շրջանում կատարվող շինարարական աշխատանքների վրա, իսկ աուդիտը վերահսկելու է ֆինանսական և տնտեսական գործունեությունը: Երկու բաժիններում էլ աշխատակազմը համարյա ընտրված է: Թափուր է միայն շինարարության վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Բացի այդ, փոփոխություններ են տեղի ունեցել գյուղերում՝ քաղաքապետի ներկայացուցիչների կազմում:
Ախալքալաքի քաղաքապետարանում կա գյուղերում քաղաքապետի ներկայացուցչի և մասնագետի 66 տեղ: Դրանցից 43-ը մասնագետ են, իսկ 23-ը՝ քաղաքապետի ներկայացուցիչ (լիազոր անձ):

«Քաղաքապետի ներկայացուցիչների 35%-ը փոխվել է: 14 գյուղերում հայտարարվել է մրցույթ ու ընդունվել են ներկայացուցիչներ: 7 գյուղերում աշխատողները նույն անձինք են: Մնում է միայն ընտրել Ազավրեթ և Կարտիկամ գյուղերի ներկայացուցիչներին », – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Քաղաքում ևս կա քաղաքապետի մի նոր ներկայացուցիչ: Քաղաքապետարանն ապրիլի 11-ից արդեն հայտարարել է նոր մրցույթ, Ազավրեթ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչի տեղի համար, ինչպես նաև Բուղաշեն, Կուլիկամ, Դիլիսկա, Լոմատուրցխ, Ղադո գյուղերում մասնագետի և քաղաքում քաղաքապետի ներկայացուցչի մեկ տեղի համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչ 2018 թվականի ապրիլի 20-ն է:

Շուշան Շիրինյան