Հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի և միջնադարի պատմաբան Մովսես Խորենացու հուշարձանները համարյա տաս տարի է շպրտված են Մշակույթի տան կողքը: Մենք փորձեցինք պարզել, թե էլի որքան են նրանք «սպասելու» իրենց տեղին:

2010 թ.-ին Ախալքալաքի կենտրոնում Մեսրոպ Մաշտոցի նոր հուշարձանը տեղադրելուց հետո, հինը, որը գտնվում էր նույն տեղում, հայտնվեց Մշակույթի տան պատերի տակ: Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի հետ դեն է նետված նաև հայ միջնադարյան պատմաբան Մովսես Խորենացու քարե կիսանդրին:

Մեսրոպ Մաշտոցի լքված հուշարձանի քանդակագոծը Արայիկ Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցվել է 1992 թվականին, Վլադիմիր Լենինի հուշարձանը կենտրոնից հանելուց հետո, և որպեսզի տեղը դատարկ չմնա քաղաքի հարուստ բնակիչներից մեկը քանդակագործներին վճարեց որ այս վայրում կանգնեցվի Մաշտոցի հուշարձանը: Մովսես Խորենացու հուշարձանի քանդակագործն է Լևիկ Գրիգորյանը: Դատելով ձևից, երկու քանդակներն ավարտված չեն:

Թե ինչքան են հուշարձաններն այստեղ սպասելու, և մտադիր են արդյոք տեղական իշխանությունները տեղավորել դրանք այլ տեղերում, մենք հարցրեցինք քաղաքապետարանում:

Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը հայտարարեց, որ նրանք հուշարձանները պաշտպանում են, իսկ որտեղ դրանք տեղադրել դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում:

Տնտեսության պլանավորման և գույքի բաժնում ասացին, որ այդ հուշարձանները քաղաքապետարանի գույքը չեն, սակայն եթե գտնվի տեղ, որտեղ հնարավոր է տեղադրել, պատկանելության հարցը կարող են լուծել:

«Մենք տեղ ենք փնտրում, որտեղ հնարավոր կլիներ դրանք տեղադրել: Առայժմ չգիտենք որտեղ տեղադրել: Մենք ուզում էինք Մաշտոցի փողոցում դնել նրա հուշարձանը, չստացվեց: Եթե գտնենք արժանի և հարմար վայր անպայման կտեղադրենք: Թող դիմեն մեզ առաջարկություններով և մենք բոլոր տարբերակները կքննարկենք », – ասում է էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետ Շողիկ Ռաիսյանը այդ հուշարձանների մասին պատասխանեց հետևյալը.
«Հուշարձանի տեսքն այնպիսին է, որ ամեն տեղ չի համապատասխանում, ուստի դժվար է գտնել հարմար տեղ: Քաղաքաշինության տեսանկյունից Մաշտոցի հուշարձանը պետք է տեղադրվի փոքր տարածքում, որպեսզի զգացվի, որ դա Մաշտոցի հուշարձանն է, քանի որ գլուխը շրջված է և հեռվից նկատելի չէ: Իսկ Խորենացու հուշարձանը կարելի է տեղադրել նկարչական դպրոցի մոտ », – ասում է Շողիկ Ռաիսյանը:

Գեղարվեստի դպրոցը գտնվում է այն վայրի կողքին, որտեղ շպրտվել են այդ հուշարձանները:

Շուշան Շիրինյան