Ախալքալաքի շրջանում 2017 թվականի մարտի 1-ից մինչև 2018 թվականի մարտի 22-ը, 125 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։

Այս տվյալները մեզ տրամադրել են Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից: Ճշտեցինք նաև, թե որ խախտումներն են ավելի հաճախ կրկնվում Ախալքալաքում: Պարզվեց այստեղ ճանապարհային երթևեկության կանոնների հիմնական խախտում գրանցվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով: 6-րդը ներառում է հետիոտնի անցակետով անցում, ճանապարհային նշանների խախտում, քարշակման (բուկսիր) խախտում, արտաքին լուսավորման անսարքավորում, ազդանշանի օգտագործում և այլ խախտումեր: Իսկ 8-րդ մասը նշանակում է “Արգելվում է կայանել” և “կանգառն արգելվում է” նշանի տակ կայանում և կայանման տարբեր խախտումներ։

Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք կան վայրեր, որտեղ անվտանգության գոտին ամրացնել պարտադիր չէ, մեզ պատասխանեցին, որ Վրաստանի օրենսդրության “Ճանապարհային երթևեկության մասին” 21-րդ հոդվածի համաձայն, Վրաստանի ամբողջ տարածքում ամրագոտի կրելը պարտադիր է, չկրելու դեպքում կտուգանվեն Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն։

Գայանե Ակոջյան