Ուժեղ քամու հասցրած վնասը, որը մարտի 24-ին քշեց տների և վարչական շենքերի տանիքները, ըստ մոտավոր թվերի կազմում է մոտ 90 000 լարի:

Օրեց օր շատանում է մարդկանց թիվը, ովքեր հայտարարում են ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքի մասին, ավելանում է համապատասխանաբար նաև ընդհանուր վնասի գումարը:

Տուժած բնակիչներին վնասը փոխհատուցվելու է վնասված տանիքի 1 ք / մ-ը 12.5 լարի հաշվարկով: Ընտանիքներին գումարը կվճարեն հաշվարկային հաշվով: Վարչական շենքերի տանիքների վերանորոգման համար քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ:

Ամենից շատ տուժածները Գոման գյուղից են, այս գյուղում քամին քշել է 4 տների տանիքներ: Մնացած գյուղերում՝ մեկ, երկու տուն:

Ըստ Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, նրանք գումարի համար դիմելու են պետբյուջե:

«Քանի որ վնասի գումարը կազմում է 20 000 լարիից շատ, մենք չենք կարող վճարել շրջանային պահուստային հիմնադրամից», – ասում է Ալբերտ Նահակակյանը:

Ընդհանուր գումարից բնակիչների վնասը կազմում է մոտավորապես 16 000 լարի է, իսկ մնացած 70 000 լարին վերաբերում է վարչական շենքերին:

Շուշան Շիրինյան