Ախալքալաքի №3 մանկապարտեզի հետևում գտնվող խաղադաշտը, որը քանդվել էր մի շաբաթ առաջ, արդեն բարեկարգ վիճակում է: Շինարարության պատասխանատուները բետոնապատել են առաջացած փոսը:

Մարտի 25-ին Jnews-ը հոդված էր հրապարակել «Նորակառույց խաղադաշտը փլվել է երեխաների խաղի ժամանակ» վերտառությամբ, 2017 թվականի նոյեմբերին շահագործման հանձնված խաղադաշտի բետոնե շերտի քանդվելու մասին:

Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի քաղաքապետարանից, խաղադաշտը կառուցողներն արդեն իրականացրել են համապատասխան աշխատանքները, քանի որ դրանք երաշխիքային ժամկետում են:

Խաղադաշտի շինարարական աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Կարեն Մարգարյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց.
«Խաղադաշտի կառուցման ժամանակ երկու մեծ փոս հայտնաբերվեց, եկան ասացին, որ զասիպկա պիտի արվի, մենք էլ զասիպկա արեցինք, հետո բետոն: Հիմա բետոնը նստել է, ճեղքեր էր առաջացել, նորից փորեցինք, զասիպկա լցրինք ու բետոնապատեցինք»:

Ախալքալաքի քաղաքապետարանը խաղադաշտի կառուցման էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել: Անհատ ձեռներեց Կարեն Մարգարյանը մրցույթը հաղթել էր 36 977 լարիով, իսկ նախնական գումարը կազմել էր 50 317 լարի:

Աղունիկ Այվազյան