Վրաստանի պետական աուդիտի ծառայությունը հրապարակել է 2015-2016 թվականների զեկույցը, որը բազմաթիվ խախտումներ ու թերացումներ է գրանցել Ախալքալաքի Սակրեբուլոյի և Գամգեոբայի իրականացրած աշխատանքում: Տեղական իշխանություները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն նշված խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ:
Պետական աուդիտի ծառայությունը Ախալքալաքում մասնավորապես ընդգծված խախտումներ է արձանագրել տենդերների անցկացման, ճանապարհաշինության և «Աջակցություն գյուղին» ծրագրով իրականացված աշխատանքներում:
«Ախալքալաքում մեկ պատգամավորի ներկայացուցչական ծախսը կազմում է 397,5 լարի, բայց Սակրեբուլոն փոխհատուցել է ուղիղ 400, այսինքն՝ 2,5 լարի յուրաքանչյուր պատգամավոր նախատեսվածից ավելին է ստացել, ոչ նպատակային է օգտագործվել ընդհանուր 900 լարի», – կարդում ենք պետական աուդիտի ծառայության հրապարակած զեկույցում:
Այնինչ պատգամավորների ծախսերի համար հատկացված գումարը չպետք է գերազանցի Սակրեբուլոյի նախագահի աշխատավարձի 15 տոկոսը, որը կազմում է 397,5 լարի:
«2015-2016 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 3 միլիոն 687 հազար 100 լարի, որից 852 հազար 400 լարին հավելավճարներ են»,- այս մասին ասվում է Վրաստանի պետական աուդիտի ծառայության զեկույցում:
Զեկույցի համաձայն, մունիցիպալիտետը հավելավճարներ տալու մշակված կանոնակարգ չունի: Մունիցիպալիտետի աշխատողներին հավելավճարներ է տրվում յուրաքանչյուր եռամսյակում:
«Ախալքալաքի մունիցիպալիտետի գամգեոբան հաշվի չի առել գործող օրենքների պահանջները, որոնց համաձայն, հավելավճարները տրվում են հանրային հաստատություններում աշխատող անձանց կողմից կատարված աշխատանքների գնահատման պատշաճ փաստարկման հիմքով: Արդյունքում, մունիցիպալիտետի համապատասխան պատասխատանատու անձանց կողմից 852 հազար 400 լարին տրվել է առանց հիմնավորման»,- ասվում է զեկույցում:
«Ախալքալաքի մունիցիպալիտետում պաշտոնյա անձանց համար նախատեսված մեքենաների թիվը առավելագույնը պետք է լիներ 6, այնինչ 9 հատ է: Սկզբում 8-ն են ունեցել, հետո 2016 թվականին ևս մեկ ավտոմեքենա գնել են», – կարդում ենք զեկույցում:
Պետական աուդիտի ծառայությունը տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրում տենդերների անցկացման թափանցիկությանն և մրցակցային պայմանների ապահովմանը:
«Էլեկտրոնային տենդերները պետք է կատարվեն թափանցիկ, պետք է արհեստական ձգձգումներ չառաջանան, հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար: Օրինակ. Սկզբում տենդերը հաղթել է «Սամցխե21»-ը 103 900 լարի գումարով, սակայն մեկ ամիս անց տենդերը միակողմանի դադարեցվել է, որից հետո նորից է էլեկտրոնային տենդեր հայտարարվել: Երկրորդ անգամ պայմանագիրը կնքվել է 119 000 լարիով: Արդյունքում տեղի է ունեցել ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ կառավարում», – նշվում է զեկույցում:
Ախալքալաքի իշխանություններին խորհուրդ է տրվում էլեկտրոնային մրցույթների անցկացման ժամանակ ապահովել թափանցիկություն, մրցակցային պայմաններ և անտեղի պատճառներով չձգձգել և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել մրցույթների անցկացման ժամանակ:
Մեկ այլ դեպքում Ախալքալաքի Վարչությունը բանավոր համաձայնության հիման վրա շուրջ 69 000 լարի աշխատանք է իրականացրել: Ինչն ուղղակիորեն խախտում է Պետական գնումների օրենսդրությունը:
««Վեմ» ընկերության հետ բանավոր համաձայնության հիման վրա Վարչությունն իրականացրել է ճանապարհները ձնից մաքրելու աշխատանքներ: 19 000 և 59 000 լարիի մաքրման աշխատանքներ են կատարվել 2015-2016 թվականներին: Ընկերությունը գումարը ստանալու համար դիմել է դատարան: Դատարանը որոշում է կայացրել ի օգուտ «Վեմ» ընկերության: Տեղում կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնք Վարչության ընդունող հանձնաժողովի անդամները ստորագրել են, ի հավաստումն այն բանի, որ նշված ծավալի աշխատանք է կատարվել»:
«Գյուղին աջակցություն» ծրագրի շրջանակներում ևս հատկացված գումարները օգտագործվել են ոչ նպատակային և արդյունքն ակնառու չէ:
Պետական աուդիտի ծառայությունը ընդգծում է. «պարզել համապատասխան օրենսդրության խախտման պատճառները, պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա աշխատանքների կատարումը, վճարել միայն գրավոր պայմանագրի դեպքում»:
Ինչպես նաև իշխանությունների ուշադրությունն է կենտրոնացնում ասֆալտապատման աշխատանքների վրա, որպեսզի վերահսկողության մեխանիզմներն ավելացնեն և հետամուտ լինեն երաշխիքային ժամկետներում գտնվող ասֆալտապատ փողոցների ու ճանապարհների վիճակին:
Գրեթե մեկ շաբաթ է Ախալքալաքի Սակրեբուլոն աշխատում է այս ուղղությամբ, տարբեր մակարդակի քննարկումներ ու աշխատանքներ են իրականացվում զեկույցում նշված խախտումներն ու թերությունները շտկելու ուղղությամբ: Սակրեբուլոյի ժողովի նիստերի քննարկմանը կներկայացվի զեկույցի մանրամասներն ու համապատասխան շտկումներ իրականցնելու ռազմավարությունը:
Աղունիկ Այվազյան