Ղադոլար գյուղի բարձրադիր մասը խմելու ջրի խնդիր ունի: Jnews.ge-ին մի անգամ չի, որ անդրադարձել է այս խնդրին, սակայն մարդիկ դեռ սպասում են ջրի։

Խմելու ջուրը Ղադոլար է հասնում Բեժանո գյուղից, ամռանը Բեժանոյի բնակիչները խմելու ջրով դաշտերն են ոռոգում իսկ ձմռանը ջուրը բաց են թողնում, որպեսզի խողովակները չսառի, քանզի ջրի ճնշումն ընկնում է և Ղադոլար գյուղի մի մասին ջուր չի հասնում։

«Շատ անգամ ենք դիմել, որպեսզի հարցին լուծում տան, գյուղապետ չունենք, որ նրան դիմենք, դիմեցինք պատգամավոր Սիփան Շիպակցյանին, նա էլ ասաց սպասեք գարնանը մի բան կանենք, խնդիրը կլուծենք», – ասաց Ղադոլար գյուղի բնակիչ Գրիգոր Տոնականյանը։

Գյուղացիները սայլակներ են պատրաստել և մյուս թաղամասից ջուր են կրում։

voda 4

«Մեր հիմնական խնդիրը ջուրն է, միայն այս խնդիրը լուծվի, ուրիշ ոչինչ չենք ուզում, ինչքան կարելի է սպասել։ Ջրագիծը կառուցվել է 1986 թվականին, Բեժանո-Բուռնաշեթ ծրագրով, սակայն հիմա ով ինչ չափի անցք ուզում բացում է և քանի որ մեր գյուղի դիրքը բարձր է, ջուրն էլ քիչ, մեզ ընդհանրապես ջուր չի հասնում» – ասաց Ռոստոմ Ստեփանյանը։

Voda 2

«Արդեն մի տարի է ինչ այս հարցով եմ զբաղվում, գնացի Հենզել Մկոյանի մոտ նա ջրի հիմնարկի մեծին՝ Վարդ Մոսոյանին կանչեց, միասին քննարկեցինք հարցը, սակայն Մոսոյանը ասաց, որ նրանց բալանսին չէ և ոչինչ չի կարող անել», – ասաց Ռոստոմ Ստեփանյանը։

Իսկ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջերի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Մանուկյանն մեր հարցին պատասխանելու համար խնդրեց որոշ ժամանակ: Մեր երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց.

«Ներկայումս ես գտնվում եմ տարածաշրջանային մասնաճյուղում և հարցը բարձրացրինք այստեղ, վաղը առավոտյան կգնանք գյուղ տարածաշրջանային աշխատողների հետ և կնայենք, թե ինչու գյուղի կեսը ջուր չունի։ Ղադոլարի ջուրը մեր բալանսի վրա է և մենք առանց աշխատողների ոչինչ չենք կարող անել, այդ իսկ պատճառով վաղը կգնանք կնայենք»։

Գայանե Ակոջյան
ՔրիստինԵ Մարաբյան