Առաջին անգամ Հայաստանի նախագահն ընտրվել է, ոչ թե քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Այսօր ՀՀ Ազգային ժողովում ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը։

2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 7-րդ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններն են։ Նախատեսվում է, որ դրանք տեղի կունենան 2018 թ. մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահը ընտրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող Նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։

Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ:

«Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Հետևաբար Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին», – հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Իր ելույթում նորընտիր նախագահն ասել է, որ իր ողջ եռանդն ու փորձառությունը կներդնի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին։

«Ինչպես ասել եմ նախկինում, իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունը և ողջ եռանդը կներդնեմ Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, քաղաքացիներին և մեր ողջ ժողովրդին։ Իհարկե ակնկալում եմ ձեր աջակցությունը և մասնակցությունը, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների աջակցությունը և մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին», – հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Խորհրդարանի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով նա նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել էր Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:

Հունվարի 19-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու էր առաջադրել Արմեն Սարգսյանին։

Նա ծնվել է 1953 թվականի հունիսի 23-ին՝ Երևանում: Ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: Արդեն 23 տարեկանում դարձել է ԵՊՀ-ում ֆիզիկայի դասախոս, հիմնադրել տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Սարգսյանը ղեկավարում էր ՀՀ դիվանագիտական առաքելությունը մինչև 1995 թվականը։ Հետագայում ևս երկու անգամ՝ 1998-2000 և 2013-ից առ այսօր, վերանշանակվել է այդ պաշտոնում: 1995-1996–ին Եվրոպական միությունում ղեկավարել է Հայաստանի առաքելությունը:

1996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է: