Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տեղում նոր շինություն կկառուցվի, որն ավելի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ կլինի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար Գիորգի Բաքրաձեն։

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստին ներկայացվել է «2016 թ․ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին» Վրաստանի օմբուդսմենի զեկույցի՝ խորհրդարանի կողմից տրված առաջարկությունների իրականացման հաշվետվությունը: Նիստին Մշակույթի և սպորտի փոխնախարար Գիորգի Բաքրաձեն հայտարարել է, որ ավելի նպատակահարմար է թատրոնի տեղում նոր շենք կառուցել:

«Խորհրդատվություններից մեկը վերաբերում էր հայկական թատրոնի վերանորոգմանը: Տարիների ընթացքում այս հարցը շատ լուրջ դրված էր նախարարության առջև և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտապես մատնանշում էր այն: Նշեմ, որ թատրոնի նորոգման աշխատանքներն արդեն սկսված են: «Քարթու» (պատկանում է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին խմբ.) հիմնադրամն ամբողջովին ստանձնել է շինարարական աշխատանքների ծախսերը և արդեն հատկացրել է 8 մլն լարիից ավելի: Սամխարաուլիի անվան ազգային բյուրոն, որը նաև կազմել էր վերականգնման նախագիծը, արդեն շինարարական գործընթացի ժամանակ եզրակացություն է արել, որ այս շենքն ավելի շատ է վնասված, քան նախագիծը կազմելու առաջին փուլում էր թվում: Որոշում է կայացվել՝ համաձայնեցնելով ինչպես թատրոնի ղեկավարության, այնպես էլ դեսպանության, հայկական կողմի գործընկեր նախարարության հետ, որ միջազգային «Քարթու» հիմնադրամը կստանձնի շենքը քանդելու և տեղում նոր շինություն կառուցելու պարտականությունը: Շինությունը կլինի ավելի ժամանակակից և բազմաֆունկցիոնալ»,- հայտարարել է Բաքրաձեն:

Թբիլիսիում գործող «Ալիք Մեդիան» հարցի շուրջ զրուցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ, ով տվյալ որոշման մեջ անհանգստության առիթ չի տեսնում։

«Երբ շենքն ազատվեց բետոնից, հայտնաբերվեց, որ ամեն մետրի վրա կան ճաքեր, դրանք ամրացնելուց հետո շենքը չի դիմանա 4 բալ երկրաշարժի, դա սեյսմիկ կենտրոնի որոշումն է: Բացի այդ, շենքն ամրացնելուց 2-3 տարի հետո նորից ճեղքեր կգոյանան: Դրանից հետո նախարարությունը, թատրոնի ղեկավարությունը, հենց ինքը՝ բարերար Իվանիշվիլին տեղեկացվել են այդ մասին, առաջարկվել է վերացնել պատերը և ավելի արագ և կարճ ժամանակահատվածում ամուր շենք կստանանք: Չեմ հասկանում՝ ինչ կա վախենալու»,- նշել է Բայանդուրյանը:

Հիշեցնենք, որ թատրոնի շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էր 2017 թվականի օգոստոս ամսվանից, իսկ թատրոնի դերասանները ժամանակավորապես տեղափոխվել են Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական թատրոն:Արդեն 6 տարի է թատրոնի շենքը վթարային լինելու պատճառով չի օգտագործվում:

Նշենք, որ սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս: