Երկու ընտանիքների տները Էխտիլա գյուղում անցած աշնանից դարձան պետական սեփականություն: Նրանք 20 տարի է ապրում են այդտեղ և չեն կարողանում սեփականաշնորհել:

Ախալքալաքի քաղաքապետարանի Էխտիլա գյուղի ծայրամասում, շրջափակված լեռներով և անտառներով մի տուն կա: Այն գտնվում է խորհրդային տարիների կոլտնտեսության նախկին ավտոտնակի տեղում: Այստեղ նախորդ դարի 98 թվականից երկու ընտանիք է ապրում` Հովսեփյան եղբորորդիները: 2017 թվականի սեպտեմբերից այն հողամասը, որտեղ գտնվում է նրանց տունը փոխանցվել է պետության բալանսի վրա: Չորսական մարդուց բաղկացած այս ընտանիքների անդամները հաշվառված են այս հասցեում:

«Մենք մեծ ընտանիք էինք, հայրական տանը բոլորս միասին էինք ապրում: Միջոցներ չկար, որպեսզի ինչ-որ տեղ գնեինք հողամաս ու տուն կառուցեինք: Երբ վերացավ կոլտնտեսությունը, սկսեցին քանդել կոլտնտեսության ավտոտնակը, այդ ժամանակ արդեն թալանել էին տեխնիկան: Երբ մենք բնակվեցինք այս կիսաքանդ շինությունում, ես առաջարկեցի իմ հորեղբոր որդուն տեղավորվել, մի մասը մեկիս, իսկ մյուս մասը մյուսիս համար վերանորոգեցինք», – պատմում է Էխտիլայի բնակիչ Հայկ Հովսեփյանը:

Նրա խոսքերով, իրենք երկար տարիներ փորձել են սեփականաշնորհել տունը, բայց միշտ որպես մերժման արդարացում նշում էին հողամասի փաստաթղթերի բացակայությունը:

«Նա (խմբ. Նոդար Չիլաձեն` Հանրային ռեեստրի աշխատակից) ասաց, որ փաստաթղթերը վառվել են և իրենք ոչինչ չեն կարող անել: Գյուղական մասնագետն ասաց, որ ինքը ոչինչ չգիտի և չի կարող անել, բայց փաստաթուղթ տվեց, որ մենք այդտեղ ապրում ենք 1998 թվականից», – ասում է Հովսեփյան Հայկը:

Ցածր առաստաղ, երկու սենյակ` այստեղ ապրում է 4 անդամից բաղկացած Աշոտ Հովսեփյանի ընտանիքը, բայց նրանք ուրախ են այս առիթով, դա նախընտրելի բաց երկնքի տակ մնալուց: Ինչպես ասում են երկու տան սեփականատերերը, տեղը ճահճոտ է և տներում անտանելի խոնավություն է:

«Ոչ մի բան չասելով` եկան, նկարահանեցին և մեր տունը դարձավ պետական սեփականություն: Այն կարող են հանել աճուրդի, գնել կարող է որևէ մեկը, ով փող ունի: Տունը գտնվում է 10 ար հողամասի վրա: Մինչև այդ ժամանակ ասում էին, որ ոչ մի փաստաթուղթ չկա, ինչպես ստացվեց, որ փաստաթղթերը գտնվեցին և հողը փոխանցեցին պետությանը», – հարցադրում է Աշոտ Հովսեփյանը:

Նշված հարցի հետ կապված նրանք նամակով դիմել են երկրի նախագահին, վարչապետին, տնտեսության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանին:

Իրավաբան-խորհրդական Վասիլի Բալախաձեի խոսքերով, պետությունը կարող է նման դեպքերում ընդառաջել ու փոխանցել սեփականությունը մեկ լարիով, այդպիսի դեպքեր կան երկրում:

«Հարցը նրանում է, եթե մարդը 15 տարուց ավել ապրում է նշված շինությունում, օգտագործում է այն, ապրում է ընտանիքի, անչափահաս երեխաների հետ, պետությունը պետք է պաշտպանի նրանց շահերը: Եթե նույնիսկ նրանք այնտեղ ապրում են կեղծ փաստաթղթերի հիման վրա, 15 տարի անց այն դառնում իրենց սեփականությունը: Ելնելով այս ամենից, պետությունը կարող է ընդառաջել ու սեփականաշնորհել այդ տարածքը», – ասում իրավաբան-խորհրդական Վասիլ Բալախաձեն:

Քրիստինե Մարաբյան