Թեև 2017 թ.-ի աշնանը կարտոֆիլի բերքը քիչ էր, և Ախալքալաքի հողագործները վաճառքի կարտոֆիլ քիչ ունեն, սակայն գնորդներ նույնպես չկան: Այստեղ հույսը դնում են Մառնեուլիից եկող գնորդների վրա:

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի վաճառքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գնորդները գալիս են և գյուղից կարտոֆիլ վերցնում: Օլավերդ գյուղից Գիլոյան Հովիկն ասում է, որ գյուղում աշնանից ոչ մի մեքենա կարտոֆիլ գնելու համար չի եղել:

«Այս տարի ես 50 տոննա կարտոֆիլ հավաքեցի, նորմալ բերքատվության դեպքում կարող էր լինել 150 տոննա: Մենք ոռոգման համակարգ չունենք, հույս ունեինք, որ անձրև կաներ, բայց տարին չոր անցավ: Խոշոր կարտոֆիլ չկա, այդ պատճառով գնորդ էլ չկա», – ասում է Հովիկ Գիլոյանը:

Վարևան գյուղում այս տարի նույնպես շատ կարտոֆիլ չեն հավաքել, քանի որ ոռոգման հնարավորություն չկա: Վարդան Վարդանյանը սպասում է, թե երբ Մարնեուլիում և Ադրբեջանում կսկսվի ցանքսի սեզոնը:

«2,5 հա տնկեցի և հավաքեցի 51 տոննա կարտոֆիլ: Մի քիչ վաճառեցի սերմացու կարտոֆիլը` 40 թեթրիի: Սպասում եմ Մառնեուլիում և Ադրբեջանում կարտոֆիլի ցանքսի սեզոնին: Հույս ունենք, որ գնորդները կգան: Միայն մեկ անգամ եկան գնորդներ»,- ասում է Վարդան Վարդևանյանը:

Բեժանո գյուղում նույնպես սպասում են Մառնեուլիից, Բոլնիսիից եկող գնորդներին: Սարո Տոնականյանն ասում է, որ ամեն տարի այս սեզոնին իրենց գյուղում կարտոֆիլի հերթի էին կանգնում` 5-6 մեքենա, իսկ այս տարի ինչ-որ պատճառով որևէ մեքենա չկա:

«Մի քանի օր առաջ ես Թբիլիսիում էի, “Նավթլուղի” շուկայում անցյալ տարվա համեմատ վաճառողները շատ քիչ էին և գնորդները նույնպես: Լավագույն կարտոֆիլը այնտեղ արժեր 80 թեթրի», – ասաց Սարո Տոնականյանը:

Բաբաջանյան Ենոքը հաջողակներից է, ով մի քանի անգամ ոռոգել է կարտոֆիլի դաշտերը և լավ բերք է ստացել ուրիշների համեմատ: «Գյուղում շատ կարտոֆիլ կա, բայց գնորդները չեն գալիս: Ես վաճառքի համար ունեմ 15 տոննա կարտոֆիլ: Բայց կարծում եմ, որ մարտ-ապրիլին կգան, այս սեզոնին միշտ էլ քիչ գնորդներ կան: Մառնեուլիի գնորդները գարնանն են սկսում գալ: Կարծում եմ, որ գինը կբարձրանա, գոնե 70-80 թեթրի կլինի», – ասում է Մուրջախեթ գյուղից մի ֆերմեր:

Շուշան Շիրինյան