Փետրվարի 1-ին Ախալքալաքցի գործարար Ադամ Այվազյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց «ժողովրդին ուղղված կոչ», որտեղ նա գրում է, որ իրեն ձերբակալել են և տեղափոխել Թբիլիսի:

«Այսօր, 01.02.2018 ինձ ձերբակալեցին, քանի որ նախորդ տարվա օգոստոսին իմ աշխատողը իր պարտականությունների կատարման ժամանակ ստացավ ձեռքի վնասվածք: Ես նրան ամեն ձև օգնություն ցուցաբերեցի, և նա իմ դեմ որևէ բողոք չունի: Այսօր այս գործով անցկացվեց դատավարություն, ինձ ձերբակալեցին և տեղափոխեցին Թբիլիսի: Խնդրում եմ բոլորին ուշադրություն դարձնել այս գործին, որը կրում է տարբեր հետևանքներ: Աջակցեք ինձ ով արդարությանը կողմնակից է», – ասվում է Ադամ Այվազյանի հայտարարության մեջ:

Միջադեպը, որի մասին գրում է ձեռներեցը, տեղի է ունեցել անցյալ տարի իր լավաշի փռում: Աշխատողներից մեկը վնասել է ձեռքը հունցող մեքենայի մեջ: Ադամ Այվազյանի դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը նշանակում է «Անվտանգության համար պատասխանատու անձի կողմից այլ անձի անվտանգության կամ անվտանգության միջոցների խախտում, ինչը հանգեցրել է ծանր կամ թեթև առողջական վնասների»: Նման իրավախախտման համար նախատեսվում է տուգանք, ուղղիչ աշխատանքներ 1 տարի ժամկետով կամ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով: Այս գործով վճիռը դեռ չի կայացվել:

Պարզելու համար ձերբակալման պատճառները` Jnews.ge-ն դիմեց Վրաստանի Ներքին գործերի նախարարություն, որտեղից մեզ հաղորդեցին. «Ադամ Այվազյանը բանտարկվել է, քանի որ նա չի վճարել 5000 լարի գրավը, որի պատճառով փետրրվարի 1-ին դատարանը խափանման միջոցը փոխել է ազատազրկումով: Այվազյանի իրավաբան Կախա Ասլանիձեն, ներկայացված պետության կողմից, հրաժարվեց մեկնաբանել գործի մանրամասները առանց իր պաշտպանյալի հետ նախապես համաձայնեցնելու:

Ըստ Ադամ Այվազյանի եղբոր Արտյոմի, գրավի մասին Ադամ Այվազյանի ընտանիքը տեղյակ չի եղել, ընտանիքը չգիտի նաև գործի մանրամասները: Նրա խոսքերով, եղբորը տեղափոխել էին Թբիլիսի նախնական դատական նիստից հետո:

Հրաժարվեցին մեկնաբանել այս գործը և Ախալքալաքի շրջանային դատարանում, որտեղ երեկ տեղի ունեցավ նիստը և ձերբակալվեց Ադամ Այվազյանը:

Քրիստինե Մարաբյան