Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը գտնվում է կարմրուկի համաճարակի շեմին, Ախալքալաքի շրջանում պաշտոնապես չի գրանցվել ոչ մի դեպք:

Ախալքալաքի Հասարակական առողջության կենտրոնի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը գրանցված դեպքերի բացակայությունը բացատրում է հետևյալ կերպ.

«Հավանաբար, լուրջ դեպքեր չկան, և նրանք տանն են բուժվում: Տարօրինակ է, որ ամբողջ Վրաստանում կարանտինի պատճառով դպրոցները փակվել են, հարևան շրջանում (Նինոծմինդա) հիվանդությունը կա և նույնիսկ 4-5 մարդ տեղափոխվել է շտապօգնությամբ, մեզ մոտ պաշտոնապես ոչ մի դեպք գրանցված չի: Կարծում եմ, որ ամսվա վերջում կլինեն դեպքեր, երբ կանցնի 21 օրը՝ թաքնված ժամանակահատվածը», – ասում է Գայանե Ֆիդանյանը:

Ըստ համաճարակաբանի, կարմրուկի սեզոնը միշտ էլ ձմռանն է և վաղ գարնանը և կապված է դիմադրողականության թուլացման հետ: Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և դժվար է կանխել այն, եթե պատվաստում չի կատարված:

Կարմրուկի դեմ պատվաստումը պարտադիր է, պլանային և պատվաստումը պետք է կատարվի մինչ 5 տարեկանը: Համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը կարծում է, որ համաճարակը առաջանում է այն բանից, որ շատերը պատվաստումներն ավելորդ են համարում:

«Շատերը կասկածանքով են վերաբերում պատվաստումներին, բայց դա սխալ է: Դա բիզնեսի համար չէ, պետությունը մտածում է իր քաղաքացիների մասին, եթե դա անհրաժեշտ չլինի, չէին անցկացնի», – բացատրում է Գայանե Ֆիդանյանը:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն լրագրողներին հաղորդել է, որ 2018 թվականի հունվարի 29-ի դրությամբ երկրում կարմրուկի 102 դեպք է եղել:

Այդ դեպքերի մեծամասնությունը արձանագրվել է Աջարիայում, մասնավորապես Բաթումում` 52 դեպք, Քոբուլեթիում` 14, Խելվաչաուրիում` 14, Խուլոյում` 2, Կեդայում` 3, Շուախևում` 1: Ինչ վերաբերում է մնացած վայրերին, Թբիլիսիում արձանագրվել է 5 դեպք, Քվեմո Քարթլիում` 5, Սամեգրելոյում` 4, Մցխեթա Մթիանեթիում` 2:

Վարակի աղբյուրը կարմրուկով հիվանդն է, ով վարակիչ է ինկուբացիոն շրջանի վերջին 2 օրը, սկսման օրվանից մինչ 4-րդ օրը: 5-րդ օրվանից կարմրուկով հիվանդը համարվում է ոչ վարակիչ: Հետո այս հիվանդությունից ապաքինվածների մոտ արդեն պահպանվում է ցմահ իմունիտետ:

Ինկուբացիոն ժամանակաշրջանը՝ այսինքն վարակից մինչ առաջին ախտանշանների հայտնվելը, տևում է 7-ից 14 օր: Հիվանդությունը սկսվում է 38-40 աստիճան ջերմությամբ, հանկարծակի թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, չոր հազով, գրիպով, հետո առաջանում է ցան:

Շուշան Շիրինյան