Այս տարի Ախալքալաքի շրջանի բյուջեն նորից է հատկացրել 30 000 լարի, որպեսզի ևս 300 անօթևան շուն բռնեն ու տեղավորեն ապաստան:

Շներին բռնելու տենդեր-մրցույթը կհայտարարվի գարնանը: Անցյալ տարի տենդեր-մրցույթը հաղթեց Օզուրգեթիից Մարինա Ջանելիձեն: Նրանք շրջանից տեղափոխեցին 294 շուն, 6-ով պակաս, քան նախատեսված էր պայմանագրով: Վերջին բռնումը կատարեցին 2017 թվականի դեկտեմբերի 29-30-ին:

Որոշ տեղեր, որտեղ անընդհատ հավաքվում էին շների խնբերը, հիմա այլևս չկան: Սակայն այս խնդիրը չի դադարում տանջել Ախալքալաքի բնակիչներին:

«Մի որոշ ժամանակ նրանք չէին երևում, բայց հիմա նորից հայտնվել են, ու նորից վախով ենք քայլում, հատկապես գիշերը», – ասում է բնակչուհի Ալեքսանյանը:

Ոմանք ընդհանրապես չեն նկատել շների քանակի նվազում: «Ես չեմ նկատել, նրանք ինչպես կային այնպես էլ մնացել են», – ասում է Ստամբոլցյանը:

Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքերով, անցյալ տարի շներին բռնելու աշխատանքի արդյունքը այդքան էլ նկատելի չէ, քանի որ, որքան որ տեղափոխել են ապաստան, այդքան էլ նորից ծնվել են:

«Ես չէի ասի, որ վատ են աշխատել, բայց չեմ էլ կարող ասել, որ լավ են աշխատել: Նրանք լավ տեխնիկայով ապահովված չէին: Նրանք շներին սրսկում էին, սպասում ահագին և հետո նոր հատուկ ցանցով բռնում», – ասում է Արմեն Խաչատրյանը:

Բացի այդ, Արմեն Խաչատրյանը խնդրում է բոլոր բնակիչներին ուշադիր լինել և իրենց շները տնից առանց մանյակ(ошейник) դուրս չթողնել, քանի որ անցած անգամ երկու շուն ունեցել են տեր և ստիպված են եղել դրանց հետ վերադարձնել:

«Ես նրանց ուղարկել եմ Վաչիան, Չամդուրա, Խոսպիո, Մուրջախեթ, Մարտունի, Բավրա, Կարտիկամ, Կուլիկամ գյուղերը: Նրանք չէին կարողացել բռնել Մաջադիա գյուղից, շատ էին բռնել Կորխ և Թոթխամ գյուղերից», – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության վարչության ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Շուշան Շիրինյան