Վրաստան ամենաշատ դրամական փոխանցումներ իրականացվում է Ռուսաստանից: Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ Հունաստանը: Այս մասին են վկայում Վրաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալները։

Նախորդ տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Վրաստան 45 մլն դոլարի դրամական փոխանցում է արվել, ինչը կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի 32,5%-ը: Իտալիայից՝ 15,4 մլն դոլար, Հունաստանից՝ 15,1 մլն դոլար:

Դեպի Վրաստան դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին, քանի-որ մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է: Արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ջավախքի բնակչության միջին տարիքի տղամարդկանց մոտ 90 տոկոսը:

Երկրների հաջորդ եռյակը կազմում են ԱՄՆ-ն (13,1), Իսրայելն (12.4) ու Թուրքիան (10.0):

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2017թ-ի դեկտեմբերին փոխանցված գումարը կազմել է 138,4 մլն դոլար, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ավել է 16,3%-ով (19,4 մլն դոլարով):

Իր հերթին, Վրաստանից արտասահման 2017թ-ի դեկտեմբերին փոխանցվել է 19,8 մլն դոլար (51,8 մլն լարի): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 1,6 մլն դոլարով:

Ռուսաստանում, Իտալիայում և Հունաստանում ապրում և աշխատում են ամենաշատ միգրանտները Վրաստանից: Նրանք ֆինանսական օգնություն են ցուցաբերում Վրաստանում մնացած իրենց ընտանիքներին:

Վրաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ին նախորդ տարվա համեմատ, ավելացել են 7%–ով` կազմելով 1,2 մլրդ դոլար։

Աղունիկ Այվազյան