Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի պահպանության, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների, Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարների հետ, մարտի 16-ին եղավ Ախալցիխեում և Ասպինձայում:

Վարչապետը ներկայացրել է տարածաշրջանային զարգացման «Ուժեղ տարածաշրջան, ուժեղ Վրաստանի համար» ծրագիրը: Նախագծի շնորհանդեսին ներկա են եղել տեղի բնակիչներն ու գործարարները: Վարչապետը խոսել է  պետական ծրագրերի մասին, որոնք վերջերս են իրականացվել երկրում:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստակամ է օգնել շրջաններին, որքան հնարավոր է զարգացնելու ձեռնարկատիրությունը: Ինչպես Ղարիբաշվիլին է ասել, Վրաստանի կառավարության  կարգախոսն է՝ ուժեղ տարածաշրջաններ և տեղական արտադրության խթանում:

«Իմ կարգադրությամբ մի քանի նախարարություններ ամիսներ շարունակ աշխատել են այս նախագծի վրա: Մենք ամբողջովին ուսումնասիրել ենք տարածաշրջանի ներուժը: Ես մտածում եմ, որ պատրաստ ենք զարգացնել տարածաշրջանները»,- ասել է Ղարիբաշվիլին (գրում է  sknews.ge):

Վերջինս գործարարներին կոչ է արել  միանալ ծրագրին, որի շրջանակներում պետությունը պատրաստ է օգնել՝ լինի դա մասնակի ֆինանսավորում, գույքի փոխանցում խորհրդանշական գնով, կամ ծրագրով նախատեսված որևէ այլ բան:

Ասպինձայում վարչապետը ներկա էր Հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի շենքի բացման արարողությանը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել փոխնախարարներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանության և այլ պաշտոնյա անձիք: