Պատմաբան Վահե Սարգսյանի «Ջավախեցի. Կյանքն ու ստեղծագործական ուղին» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կազմակերպած «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողովի ընթացքում: www.jnews.ge լրատվականը զրուցեց հեղինակի հետ գրքի ստեղծման, մտահղացման և այլ հարցերի շուրջ։

-Ինչո՞ւ որոշեցիք գրել հենց Ջավախհեցու կյանքի և ստեղծագործության մասին:

– Ջավախեցու` Վահան Տերյանի ավագ եղբայր Ղազարոս Տեր-Գրիգորյանի գործերին առաջին անգամ հանդիպեցի դեռ ուսանողական տարիներին, երբ իմ ձեռքն ընկավ նրա «Ջավախքի աղետը, 19 դեկտեմբերի, 1899 թ. ականատեսի տպավորություններից» գրքույկը, տպագրված Թիֆլիսում, 1900 թվականին: Գրքույկում հեղինակը ամենայն ցավով ներկայացնում էր 1899 թ. Ջավախքում տեղի ունեցած աղետի և նրանից տուժած, անօթևան մնացած գյուղացիության դժվարին կացությունը, ծայրագույն վատթար վիճակում գտնվող գյուղերին` Բարալեթին, Մերենիային, Բեժանոյին, Սամսարներին օգնելու անհրաժեշտությունը և այլն: Գրադարանի հնատիպ գրքերի բաժնում ուսումնասիրեցի նրա 1905, 1930 և 1936 թվականներին տպագրված մի քանի գրքեր ևս, որոնք պարունակում էին Ջավախեցու աքսորի տարիներին նախորդող և հետագայում ստեղծված գործերը: Գրեթե անհնար է առանց հուզմունքի ներկայացնել Ջավախեցու նշյալ գրքերի բովանդակությունը. Կայսերական Ռուսաստանի կազմում գտնվող իր հայրենի ծայրագավառի գյուղացիության ողջ ցավերն ու հոգսերը, ավելին` այդ դժվարությունների ու դժբախտությունների պատճառներն ու հեղինակներն իրենց իսկական անուններով արտացոլված են այնտեղ:

– Եվ ինչի՞ մասին է Ձեր գիրքը:

– Գրեթե երկու տարի պահանջվեց, որ ես Հայաստանի Ազգային գրադարանի, ինչպես նաև Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի անձեռնմխելի ֆոնդերից հայտնաբերեմ նրա եզակի գործերը: Բացի այդ` մեր կողմից ուսումնասիրվել է Ջավախեցու ապրած ժամանակի ողջ մամուլը, ամսագրեր, որոնց տասնյակ տարիների հրատարակություններում հայտնաբերել և ի մի են բերվել Ջավախեցու գրչին պատկանող բոլոր հոդվածները, պատմություններն ու ակնարկները, հեռագրերն ու այլևայլ նյութեր: Նույն կերպ ներառել ենք նաև Ջավախեցու ելույթներն ու նամակները, որոնք, ելնելով նրա հասարակական բուռն և ընդգրկուն գործունեությունից, բազմաթիվ են: Արդյունքում մեր կողմից ՀՀ ԳԱԱ-ի Պատմաբանասիրական հանդեսում տպագրվեց գիտական աշխատանք, որը ներկայացնում էր այս նվիրյալ մտավորականի կյանքը և ստեղծագործական ժառանգությունը: Ահա այս գործի, ինչպես նաև Ջավախեցու առավել կարևոր գործերից մի քանիսի մեկտեղումից ծնվեց այս գրքույկը:

– Ո՞վ էր ըստ Ձեզ Ջավախքեցին ջավախքցիների և ընդհանրապես մարդկանց համար:

– Ջավախեցին ապրել է անհանգիստ ու փոթորկուն կյանքով: Առաջին հայացքից լինելով գավառական քահանա և ուսուցիչ, նա հանդիսացել է ժամանակի ամենաառաջադեմ ու լուսավոր գաղափարներով օժտված մտավորականներից մեկը: Մարդ, որի բովանդակ կյանքը պայքար է եղել հանուն արդարության ու հավասարության, հանուն հայ գյուղացու իրավունքների պաշտպանության, հանուն մամուլի, գրատպության ու լուսավոր գաղափարների տարածման, հանուն հայ մանկավարժների դերի և ազդեցության մեծացման, հանուն բարու և վսեմի հաղթանակի, հանուն իր պաշտելի Ջավախքի տնտեսական ու մշակութային բարոյական հզորացման: Քանի դեռ Ջավախեցու հայրենի Ջավախքը բազմաթիվ խնդիրներ ունի, վերջինիս արտահայտած մտահոգությունները խիստ արդիական են և այդ, հատկապես` տնտեսական, լեզվամշակութային խնդիրների լուծման ուղղությամբ նրա առաջ քաշած մոտեցումները այսօր ևս ունեն կիրառական մեծ ներուժ: Ես շատ կուզենայի, որ այսօրվա սերունդը ոչ միայն հիշեր իր մեծերին և գլուխ խոնարհեր նրանց անմահ գործերի առջև, այլև իր ամենօրյա գործերով ձգտեր լինել նրանց արժանավոր ժառանգորդը:

Անուշիկ Ստամբոլցյան