Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի բնակիչները պահանջում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման ջուր, գյուղի բոլոր փողոցների լուսավորում, դպրոցի վերանորոգում, սպորտային դահլիճ և այլն: Փորձեցինք ճշտել այս խնդիրների և հնարավոր լուծումների մանրամասները:

Բավրայի բնակչությունը՝ 1000 մարդ է: Այս գյուղը առաջիններից էր, որոնց քաղաքին միացնող ճանապարհը ասֆալտապատվել էր, այսօր գյուղում պահանջում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում:

Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ ասացին, որ շատ անգամ են դիմել համապատասխան մարմիններին խնդրի լուծման համար։
“Ամեն տարի դիմում են գրում և՛ գյուղապետը և՛ պատգամավորը, որպեսզի ճանապարհները վերանորոգեն, ամեն անգամ ասում են կանենք, սակայն մինչ հիմա չեն նորոգել», – ասաց Բավրա գյուղի բնակիչ Դավիթ Դավթյանը։

Իսկ գյուղի երիտասարդները նշեցին, որ կառավարությունը խոստացել է մինչև 2020 թվականը վերանորոգել ճանապարհները։
“Ամեն տարի գալիս են, հարթեցնում են ճանապարհը, խոստանում, որ կասֆալտապատեն, սակայն մինչև հիմա չեն ասֆալտապատել, խոստացան մինչև 2020 թվականը վերանորոգել», – ասաց Շիրինյան Գրիգորը։

Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասում է, որ մինչև 2020 թ. ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը չի նախատեսում գյուղամիջյան բոլոր ճանապարհների վերանորոգում:

“Սկզբնական մեր նպատակն է տարանցիկ ճանապարհների նորոգումը, մենք ունենք մշակված ծրագիր, որը վերաբերում է գյուղ տանող ճանապարհների նորոգմանը, մենք չենք կարող մի գյուղը ամբողջությամբ ասֆալտապատել, իսկ մյուսում ոչինչ չանել։ Սակայն եթե գյուղի ճանապարհը տարանցիկ է և մշակույթի տունը, եկեղեցին, դպրոցը կամ մանկապարտեզը այդ ճանապարհի վրա են, կասֆալտապատվեն։ Մենք ոչ մեկի չենք խոստացել մինչև 2020 թվականը նորոգել գյուղամիջյան ճանապարհները”, բացատրում է նա։

bavra4

Գյուղի երիտասարդները առաջնային խնդիր են համարում դպրոցի նորոգումը։
“Ես և ընկերներս արդեն ավարտել ենք դպրոցը, բայց շատերն են սովորում, ինչպես նաև եղբայրս, դրա համար էլ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի գյուղի դպրոցը նորոգվի, այն շատ վատ վիճակում է գտնվում”, – ասաց Սերյոժա Իրիցյանը։

Բավրայի դպրոցը վերանորոգվող շենքերի ցուցակում չկա, քանի որ դրա մասին պաշտոնական դիմում չի եղել դպրոցի տնօրինության կողմից: Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանն ասաց.
«Բավրա գյուղից ես գրավոր դիմում չեմ ստացել, տնօրենի միջոցով գիտեմ, որ վերանորոգման կարիք ունի, սակայն ոչ պաշտոնական», – ասաց նա։

Bavra dproc

Գյուղում խմելու ջրի խնդիր չունեն, 70-ական թվականներից գյուղում խմելու ջուր կա։ Սակայն բնակիչներին անհանգստացնում է ոռոգման ջրի հարցը, Աբլարից հոսող ջուրը չի հասնում նրանց, քանի որ ինչպես նշեցին նրանք, Կուլիկամը, Կարտիկամը և Խուլգումոն սպառում են ջուրը։

“Ամռանը երկու գիշեր չքնելու հաշվին հազիվ հինգ սոտ ենք հասցնում ջրել, ջուրը մեզ չի հասնում, իսկ ջուրը մեր գյուղ առանձին խողովակով հասցնելու համար երևի մոտավոր 100 000 լարի պետք կգա”, – ասաց Բավրա գյուղի բնակիչ Դավիթ Դավթյանը։

Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն այս խնդրի մասին ասում է.

“Անցած տարի մենք նրանց տրամադրել ենք երկու ջրամղիչ պոմպ իրենց խողովակներով “Օգնություն գյուղին” ծրագրով, որպեսզի կարողանան գետից ջուրը հասցնել դաշտեր, նրանք կարող են օգտագործել այդ պոմպերը, ինչու չեն օգտագործում”։

Գյուղացիները ցանկություն են հայտնում, որպեսզի ոչ թե գյուղի կեսը, այլ ամբողջ գյուղը լուսավորվի, քանզի պետական ծրագրով նախատեսված է և՛ Ախալքալաքի և՛ գյուղերի ամբողջական լուսավորումը։ Գյուղերի լուսավորման համար հատկացված է 267 942 հազար լարի, իսկ Ախալքալաքի համար 78 899 հազար լարի։

Երիտասարդների համար միակ զբաղմունքը գյուղացիների հարսանյաց հանդեսներն են, բոլորը անհամբերությամբ են սպասոում, որպեսզի գյուղում հարսանիք լինի։ Բավրայում մի տարվա ընթացքում մոտավոր 10 հարսանիք է լինում։ Ցավալի է այն, որ գյուղում տարածված է արտագաղթը, բնակչության երիտասարդ խավը հիմնականում արտագաղթում է Ռուսաստան, իսկ տարեցները մնացել են գյուղում, քանի որ միջոց չունեն արտագաղթելու։ Գյուղի բնակչության հիմնական ապրուստի միջոցը արտագնա աշխատանքն է՝ խոպանը։

Երիտասարդների սպորտով զբաղվելու ցանկությունը շատ մեծ է, քանզի նրանք գնում են Ախալքալաք, որպեսզի զբաղվեն իրենց սիրած սպորտաձևով, այդ իսկ պատճառով ցանկանում են, որպեսզի գյուղում սպորտդահլիճ կառուցեն։ Գյուղի մի շենքում նրանք տեղադրել են բիլիարդի սեղան և դա համարում են իրենց հիմնական զբազմունքը։

Bavra 1

Գայանե Ակոջյան