Ամանորյա տոները Ախալքալաքում ձգվում են մինչև հունվարի 13-ը, այսինքն մինչև հին Նոր տարի: Հենց այդքան ժամանակ էլ հերիքում է սննդամթերքը, որոնք ձեռք է բերվել Ամանորի նախաշեմին:

Ախալքալաքում ամանորից երկու շաբաթ առաջ ամենուր «սև ուրբաթ» է, մաքրվում են բոլոր խանութների և շուկաների դարակները: Հաշված օրերի ընթացքում վաճառասեղաններից գրեթե ամեն ինչ անհետանում է, սկսած խմիչքներից մինչև անսովոր ուտելիքները, մրգերն ու միսը: Ախալքալաքում ընդունված է տասնյակ կիլոգրամ միս գնել, և դա բացի խոզի ազդրից: Ախալքալաքի և գյուղերի բնակիչները ձեռք են բերում այնքան մթերք, որ թվում է Ամանորից հետո «ապոկալիպսիս» է լինելու: Յուրաքանչյուրը փորձում է գնել նորը` արտերկրից բերված, սկսած մանգոյից, պամելայից, արքայախնձորից, ավոկադոից, վերջացրած հավալուսնի ձվերով, խավիարով և այլնով: Երևանում ավանդական դարձած կոկորդիլոսի միսը դեռ չի հասել Ախալքալաքի ամանորյա սեղանին:

Ախալքալաքում մի քանի շաբաթ առաջ սննդամթերք ձեռք բերելու ձգտումը գալիս է Խորհրդային Միության «սակավության» անցյալից, երբ նման քանակի և բազմազանության սննդամթերք հնարավոր չէր գտնել, ինչպես՝ հիմա: Եթե առաջ սննդամթերք գտնելն էր դեֆիցիտ, ապա այժմ անհնար է գումար վաստակել սննդի համար, այստեղից էլ գալիս են վարկերը, և երկար ամիսների ընթացքում ծանր աշխատանքով վաստակածը սննդի վրա ծախսելը: Միայն Ամանորի սեղանի վրա ծախսվում է 1000-ից մինչ 4000 լարի:

Սննդամթերքի ձեռքբերումից հետո հերթը տանտիկիններին է, ովքեր մեկ շաբաթ պատրաստում են «տոննաներով» ուտելիք, մի քանի տեսակի աղցաններ, թխվածքներ, հայկական, վրացական, ռուսական խոհանոցների ճաշատեսակներ և շատ ավելին, բոլորն էլ փորձում են ինքնատիպ լինել և պատրաստել, ինչ-որ նոր բան: Եվ ստացվում է, որ մի քանի օր անընդմեջ կանայք պատրաստություն են տեսնում:

«Ամեն տարի խոստանում եմ, որ հաջորդ տարի մենք գնելու ենք քիչ սնունդ, և պատրաստելու ենք ոչ այդքան շատ ուտեստներ: Բայց ինչպես միշտ նույն կերպ ենք վարվում: Կեսը թափվում է: Այս տարի, քանի որ սառնարանում քիչ տեղ կար, պատրաստածը թողեցինք ամառային խոհանոցում: Եղանակը տաք էր, և շատ բաներ չհասցրեցինք ուտել, փչացավ», – ասում է Ախալքալաքի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ:

Ախալքալաքի բնակիչները հոնվարի մեկից մինչ հին նոր տարի միմյանց տուն են այցելում: Այս օրերին կարող եք տեսնել ձեր հարազատներին, որոնց ամբողջ տարվա ընթացքում չեք տեսնում: Բոլորի տներում, մինչև ամսի 5-ը, գցված են ամանորյա սեղանները, որոնք լի են բոլոր տեսակի ուտելիքներով, բայց արդեն հագեցած առաջին օրվա այդքան ուտելիքներից, մարդիկ նայում են ու չեն ուտում:

Սովորաբար նոր տարում լինում են շատ թունավորումներ, բայց այս տարի ոչ շտապօգնությունը, ոչ էլ հիվանդանոցները ուտելիքից և ալկոհոլային խմիչքներից թունավորվելու շատ դեպքեր չեն գրանցել:

«Ամբողջ ընթացքում թունավորումով մեզ մոտ հիվանդանոց դիմել է միայն 2-3 մարդ, բայց նրանց մեջ այս տարի ալկոհոլից թունավորում չի եղել», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի ղեկավար Ալեքսան Թորոյանը:

Նման դեպքեր շատ քիչ է նաև շտապօգնությունում: Սակայն, հաշվի առնելով տեղական մտածելակերպը, «մինչև դանակը ոսկորին չհասնի, բժշկի չեն դիմում», թեթև թունավորումների դեպքերում, մարդիկ, ամենայն հավանականությամբ բուժվում են տնային պայմաններում:

Քրիստինե Մարաբյան