Ախալքալաքում երկշաբաթյա ձմեռային արձակուրդից հետո, հունվարի 15-ից երեխաները կրկին կհաճախեն մանկապարտեզ: Այսուհետ արգելվում է մանկապարտեզներում կրեմով որևէ քաղցրավենիքի օգտագործումը:

Տարածված խոսակցություններն այն մասին, որ մանկապարտեզներում արգելվում է նշել երեխայի ծննդյան օրը չի համապատասխանում իրականությանը:

Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենը վստահեցնում է, որ երեխայի ծննդյան օրը նշելու որևէ արգելք չկա, պարզապես մանկապարտեզներում արգելվում է կրեմով քաղցրավենիքի օգտագործումը: Հետևաբար ծնողները չեն կարող կրեմով ծննդյան տորթ տանել նախակրթարան:

«Հունվարի 1-ով հրաման է եկել, որ մանկապարտեզներում արգելվում է տորթերի կամ կրեմով որևէ այլ քաղցրավենիքի օգտագործումը: Դրա համար ծնողներին զգուշացրել ենք, որ ծննդյան տորթեր չբերեն մանկապարտեզ: Մեզանում ընդունված էր ծննդյան տոների ժամանակ տորթ տանել, հիմա արգելվում է միայն տորթը, ոչ թե միջոցառումը», – տեղեկացրեց Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը:

Ախալքալաք քաղաքի թվով երեք, և շուրջ 8 գյուղերում գործող մանկապարտեզներում նախադպրոցական կրթություն է ստանում գրեթե 700 երեխա:

Աղունիկ Այվազյան