Վրացական իշխանությունների կողմից արգելոց-թանգարան ճանաչված Գորելովկայի «Մանկատուն»-ը պահպանման կարիք ունի:

Դուխոբորների մշակույթի եզակի այս հուշարձանն անուշադրության է մատնված իշխանությունների կողմից: Տատյանա Գլուխովայի խոսքերով, երբեմն կոսմետիկ վերանորոգումներ են կատարում սեփական միջոցներով, սակայն իրենց միջոցները բավարար չեն պահպանելու համար պատմամշակութային այս հուշարձանը:

-«Պատերը փլվում են, տանիքը քանդվում: 2014 թ. միայն ապրիլ և մայիս ամիսներին տեղական բյուջեից հատկացրել են գումար թանգարանի համակարգողի և պահակի համար: Մենք ինքներս, ինչով կարող ենք, ինչքան կարող ենք վերանորոգում և նայում ենք շինությանը»,- պատմում է Տատյանա Գլուխովան:

Նախկինում միայն Գորելովկայում ապրում էին 3 000 դուխոբոր: Հետխորհրդային տարիներին բնակիչներն սկսեցին հեռանալ այս բնակավայրից: Ռուսաստանն սկսեց դոխոբորների հայրենադարձության ծրագիրն իրենց պատմական հայրենիք, որի արդյունքում, այսօրվա դրությամբ 9 գյուղից, ուր նրանք բնակեցվել էին 20-րդ դարում, հիմա մնացել են ընդամենը Գորելովկա և Օրլովկա գյուղերում, այն էլ մոտ 150-200 մարդ:

Գորելովկայի բնակիչները գտնում են, որ «Մանկատունը» պետությունը պետք է վերցնի հատուկ պաշտպանության տակ՝ պահպանելու դուխոբորների մշակույթն ու պատմությունը: Նրանք շատ քիչ են մնացել, իսկ տները քանդվում են:

Նշենք, որ 2008 թ.-ին «Մանկատունը» ձեռք է բերել արգելոց-թանգարանի կարգավիճակ: Այդ ժամանակ իշխանությունները խոստացել են վերականգնել «Մանկատունը» և թանգարանին պահպանման համար հատկացնել երկու աշխատող՝ համակարգող և պահակ:

Սակայն, այսօր Գորելովկայի դուխոբորներն ահազանգում են, որ «Մանկատունը» որպես մշակութային հուշարձան պահպանման լուրջ կարիք ունի: Իսկ տեղական իշխանությունները խոստանում են մտածել այն մասին, թե ինչ կարող են անել այն պահպանելու համար:

Վրաստանում դուխոբորները կոմպակտ բնակություն են հաստատել Ջավախքի բարձրլեռնային գոտում, ներկայիս Նինոծմինդայի շրջանում հիմելով 9 գյուղ՝ Վլադիմիրովկա, Տամբովկա, Ռոդինովկա, Բոգդանկովկա (Նինոծմինդա), Սպասովկա, Օրլովկա, Գորելովկա, Եֆրեմովկա և Կալինինո:

Բորիս Ղարսլյան