Տարեցտարի Վրաստանում բարձրագույն կրթություն ստացող ջավախքցիների թիվն ավելանում է, սակայն նրանք անցնում են շատ դժվարությունների միջով մինչև հաղթահարում են վրացերեն լեզվի չիմացությունը:

2005 թվականին Վրաստանի բուհեր Ախալքալաքից ընդունվել է 2 ուսանող, իսկ Նինոծմինդաից՝ 1, 2006 թվականին Ջավախքի ուսանողների թիվը կազմել է 31-ը, 2008-ին՝ 46, 2016-ին՝ 300 և ամեն տարի գրանցվել է ավելի շատ քանակ։

Սակայն յուրաքանչյուր արդեն ուսանող դարձած երիտասարդ անցնում է դժվարություններով: Համալսարանը գերազանցությամբ ավարտած, արդեն ուսուցչուհի Անուշ Ղարսլյանը, երբ նոր էր ընդունվել Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրս վրացերեն լավ չգիտեր:

Anush

«Ուզում էի ավելի ցածր խմբում լինեի, որ հեշտ լիներ առաջ գնալ, սակայն ընկա բարձր խումբ և ունեցա դժվարություններ։ Ակտիվություն չէի ցուցաբերում, քանի որ լեզվի լավ չիմացության պատճառով կոմպլեքսավորվում էի։ Բառեր գիտեի, բայց չէի կարողանում նախադասություն կազմել և դա ինձ խանգարում էր խոսել հասարակությունում։ Երբ ցանկանում էի ինչ-որ բան ասել, նախ հայերենով մտածում էի, հետո թարգմանում վրացերեն և այնուհետև բարձրաձայնում։ Արդեն երկրորդ կիսամյակում սկսեցի ճիշտ նախադասություններ կազմել և առաջի կուրսում այլևս չունեցա խոսելու խնդիր», – նշեց Անուշը։

Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հարություն Մանվելյանը 9-րդ դասարանից որոշել էր կրթությունը Երևանում շարունակել, դառնալ ատամնաբույժ։ Բայց, երբ իմացավ «1+4» ծրագրի մասին որոշեց գնալ Թբիլիսի:

Harut

«Շատ դժվար էր, վրացերեն չգիտեի, ոչինչ չէի հասկանում, կուրսի մյուս ուսանողները ադրբեջանցիներ էին, նրանք խոսում էին իրենց լեզվով, իսկ ես մենակ նստում էի։ Հաղթահարելով առաջի կիսամյակը, ոտնակոխեցի երկրորդ կիսամյակ։ Հետզհետե զգում էի փոփոխությունը, շատ եմ աշխատել, դասախոսների ասած յուրաքանչյուր բառը գրում էի ու սովորում, մի օրում սովորում էի երեք բառ, այսինքն մի ամսում իննսուն բառ և կարողանում էի արդեն նախադասություններ կազմել և ավելի լավ խոսել», – հիշում է Հարությունը:

Հարությունն իր կողքին ունեցել է ընկեր, ով միշտ օգնել է նրան ամեն հարցում, ինչպես նաև բնակարան գտնելու, նա Թբիլիսի գնալուց արդեն ունեցել է բնակտարածք, զերծ մնալով այդ խնդրից։ Դասախոսներից նույնպես շատ գոհ է, նշելով, որ միշտ օգնել և ճիշտ ուղղություն են ցույց տվել իրեն։

Իր անցած ուղու մասին խոսեց նաև Իլիայի պետական համալսարանի 3-րդ կուրսի ճարտարապետական ֆակուլտետի ուսանող Կարապետ Յայլյանը։ Նրա համար ամենաբարդը եղել է վրացերենի քերականությունը:

Karapet

«Նախապատրաստական կուրսում ունեինք մի առարկա, որը կոչվում էր «Մինի ծրագրեր», ինչի շնորհիվ և լեզուն լավ սովորեցի, և քաղաքը, քանի որ մենք այդ առարկայի շրջանակներում գնում էինք քաղաքի տարբեր վայրեր, օրինակ թանգարաններ և նախագծեր էինք գրում այն վայրերի մասին, որտեղ լինում էինք, և ուզած չուզած վրացերեն էինք խոսում, հավաքած տեղեկությունը գրում էինք վրացերենով, և այդպես սովորեցի վրացերեն։ Դասախոսներս բոլորը երիտասարդ էին և հեշտ էր նրանց հետ շփումը», – ասում է նա։

Կարապետը շատ գոհ է իր համալսարանի վրացերեն լեզվի ուսուցման ծրագրից: Նա շատ է սիրում ճարտարապետություն և մեծ սիրով է խոսում իր մասնագիտության մասին։ Այսօր նա ունի ոչ միայն հայ, այլ նաև տարբեր ազգի ներկայացուցիչ ընկերներ։

univer

Իլիայի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի դասախոս Իվլիտա Լոբաջանիձեն համարում է, որ դժվարությունները ինդիվիդուալ են:

«Մենք ուսանողներին բաժանում ենք խմբերի ըստ վրացերենի իմացության մակարդակի։ Վրացերենի ուսուցման համար ունենք 4 մեթոդ՝ գրել, կարդալ, խոսել և լսել։ Հիմնական խնդիրը ուսանողների լսել-հասկանալու մեջ է, բայց շատ կարևոր է այդ մեթոդը, որովհետև, եթե նրանք միշտ լսեն վրացերեն, ավելի հեշտ կլինի նրանց սովորել։ Շատ քիչ է այն ուսանողների թիվը, ովքեր նախապատրաստական կուրսից հետո չեն շարունակում կրթությունը»։

Երկար տարիներ դասավանդելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, նախկին դասախոս Թինաթին Կիղուրաձեն համարում է, որ մեր դպրոցներում ստացած միջնակարգ կրթությունը բավարար չէ, որպեսզի առանց դժվարությունների կարողանան շարունակել կրթությունը:

«Կային ուսանողներ, ովքեր միայն մտածում էին գնահատական ստանալու և չէին մտածում լեզուն սովորելու մասին, նաև նկատում էի այնպիսիններին, ովքեր հոգեբանորեն ծանր էին տանում լեզվի չիմացությունը: Մենք ունեցել ենք ուսանողներ Եվրոպայից, նրանք ավելի արագ էին սովորում վրացերեն, քան մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները։ Առաջին տարիներում ուսանողների 50%-ը չէր կարողանում հաղթահարել նախապատրաստական կուրսը», – բացատրում է Թինաթին Կիղուրաձեն։

Վրաստանում ազգային փոքրամասնությունների ավելի արագ ինտեգրման համար գործում են տարբեր ծրագրեր: Ուսանողները առանձնացնում են Թբիլիսիի երկու պետական բուհերում գործող PITA ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիան (UNAG) համագործակցող հասարակական կազմակերպությունների հետ միասին։ Նաև նշում են Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի վարած աշխատանքները։ Գրասենյակի հաջողված նախագծերից է «Պրակտիկայի փորձնական ծրագիրը «Վրաց լեզվի ուսուցման 1+4» մասնակիցների համար»։

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի Քաղաքացիական ինտեգրման բաժնի պետ Էլիսո Լոմիձեն ասում է, որ ազգային փոքրամասնությունների համար իրականացվում են տարբեր միջոցառումեր և ծրագրեր, ինչպիսին է օրինակ աշխատանքի խրախուսումը, ներգրավվածությունը և ի վերջո քաղաքացիական ինտեգրումը։

«Շատ կարևոր է պրակտիկայի նոր ծրագիրը, որը սկսվել է 2017 թվականին և 65 ոչ վրացալեզու ուսանողներ անցել են պրակտիկայի 3 ամսյա կուրսեր 20 կառույցներում, ներառյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։ Նախագիծը կշարունակվի և ավելի շատ ուսանողի հնարավորություն կտրվի մասնագիտական պրակտիկա և հմտություններ ձեռք բերել», – ասում է Էլիսո Լոմիձե։

Չնայած դժվարությամբ տրվող բարձրագույն կրթությանը Վրաստանում, սակայն մեր բոլոր զրուցակիցները չեն փոշմանել, որ ընտրել են այդ բարդ ուղին և խորհուրդ են տալիս չվախենալ այդ դժվարություններից:

Գայանե Ակոջյան