Մինչև վարորդական իրավունքի հին վկայականի ժամկետը լրանալը մնացել է 2 շաբաթ, Ախալքալաքում ՆԳՆ-ի Սպասարկման գործակալությունը աշխատում է շաբաթը մեկ օր, չնայած, որ ամբողջ Վրաստանում աշխատում են արտակարգ ռեժիմով: Ախալքալաքում վարորդները շփոթության մեջ են:

ՆԳՆ-ի Սպասարկման գործակալության աշխատակիցները Ախալքալաքում սպասարկում են ամեն ուրբաթ: Արդեն մի քանի ուրբաթ է ինչ մարդիկ շտապում են փոխել իրենց վարորդական իրավունքի փաստաթուղթը, քանի որ Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն մինչև 2006թ.-ի ապրիլի 1-ը տրված վարորդական իրավունքի փաստաթուղթը 2018 թ.-ի հունվարի 1-ից անվավեր է ճանաչվելու: Այն մարդիկ, ովքեր կշարունակեն վարել այդ փաստաթղթով կարող են տուգանվեն 500 լարիով ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի վարելու համար:

ՆԳՆ-ի Սպասարկման գործակալության Ախալքալաքի գրասենյակում ամեն ուրբաթ հերթ է: Ոմանք սպասում են, որ փոխեն իրենց վկայականը, ոմանք էլ անիմաստ հերթ են կանգնում, հստակ չիմանալով, թե իրենց փաստաթուղթը փոխելու ենթակա է, թե՝ ոչ:

Գործակալության գրասենյակից դուրս եկած վարորդը շփոթված էր և զայրացած, նա ծախսել է ժամանակ և 41 լարի գումար, սակայն ապարդյուն:

«Իմ վարորդական վկայականը կապույտ գույնի է, ես երեկ ամբողջ օրը հերթ եմ պահել, որպեսզի հիվանդանոցից վերցնեմ հոգեբանական վիճակը հաստատող փաստաթուղթս՝ 25 լարի արժողությամբ, իսկ սա էլ փոփոխման կտրոնն է 16 լարի արժողությամբ, որպեսզի կարողանամ փոխել: Այստեղ հրաժարվեցին փոխել, իսկ պարեկային ոստիկանները ծանոթիս ասել էին, որ պետք է փոխել, հակառակ դեպքում կտուգանվենք: Այստեղ էլ ասում են այդպիսի բան չկա: Գնում էինք Ախալցիխե, որ այնտեղ մի բան անեինք, ճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել, մեզ հետ դարձրին», – պատմում է վարորդը:

Վարորդները հնարավորություն ունեն օգտվելու Սպասարկման գործակալության ծառայություններից կամ Ախալքալաքում միայն ուրբաթ օրերին, կամ գնան Ախալցիխե, այնտեղ գործակալությունը աշխատում է ամեն օր: Սակայն վարորդները նախընտրում են այստեղ, քանի որ Ախալցիխե գնալը համ ավելորդ ծախս է, համ էլ նրանք համոզված չեն, որ կկարողանան փոխել վկայականը:

Մենք փորձեցինք ևս մեկ անգամ հստակեցնել, թե վարորդական իրավունքների կոնկրետ որ վկայականներն են փոփոխման ենթակա: ՆԳՆ-ի Սպասարկման գործակալության աշխատակիցներն ասացին, որ հիմա փոխում են մինչև 2006թ. ապրիլի 1 տրված վարորդական իրավունքները։ Իսկ որոնք 2006թ. ապրիլի 1-ից հետո է տրված, այսինքն մարդկանց ավելի հայտնի «կապույտ վկայականները» դեռ չեն փոխում, դրանք արդեն կկարողանան փոխել մյուս տարի մինչև 2018թ.-ի սեպտեմբեր ամիսը:

Նրանցից նաև ճշտեցինք, որ գործակալությունը Ախալքալաքում չի աշխատելու արտակարգ ռեժիմով և շարունակելու է սպասարկել միայն ուրբաթ օրերին:

Ժորա Կարապետյան