Էխտիլա գյուղից Մեծ և Փոքր Սամսար տանող նոր ճանապարհից արդեն 3 տարի է օգտվում են, այն կարճացրել է երկարությունը դեպի Մեծ Սամսար 3 կմ.-ով, ինչպես նաև նվազ խոցելի է ձմռանը, բայց բնակիչներից շատերը ճանապարհը վտանգավոր են համարում, քանի որ այն անցնում է կիրճով, գետի ափով:

Սամսարներ տանող հին ճանապարհը հաճախ էր փակվում ձյան պատճառով, ու այդ գյուղերը մնում էին մի քանի օրով աշխարհից կտրված: Այդ պատճառով 2013թ.-ին սկսեցին կառուցել հողե նոր ճանապարհ: 3 տարվա ընթացքում աստիճանաբար կառուցեցին Սամսարներ տանող նոր ճանապարհը: Հին ճանապարհով Մեծ Սամսար գնում էին Փոքր Սամսարի միջով: Նոր ճանապարհը կառուցվել է շրջանցելով այն:

Փոքր Սամսարի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհը վատը չէ, սակայն այն անորակ է կառուցած:

«Ճանապարհին պետք է 25-30 սմ մանրախիճ լցնեին, բայց այդքան չի լցրած: Արդեն փոսեր են առաջացել: Մեզ համար ճանապարհը մի փոքր ավելի երկարեց, բայց Մեծ Սամսարի համար իսկապես կարճացավ: Ճանապարհը վերջնական կառուցված չէ, ճանապարհային նշաններ չկան, ու որոշ տեղերում անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք», – ասաց նա:

Սոֆյա Նահապետյանը վախենում է ամեն անգամ, քանի որ եթե վարորդը վերահսկողությունը ձյան պատճառով կորցնի, ապա մեծ է կիրճը ընկնելու հավանականությունը:

«Մենք գոհ ենք, որ կառուցել են, բայց ինչու չեն լցնում ռեագենտներ: Ձյան ժամանակ շատ վտանգավոր է, մեքենան սահում է, վերելքներ շատ կան, իսկ ներքևում անդունդ է: Եթե նախորդ ճանապարհին մեքենան սահում էր, ապա շատ վտանգավոր չէր, մեքենան կարող էր ընկնել փոսի մեջ, բայց այստեղ ուղիղ գնում ես անդունդի եզրով », – ասում է Սոֆյա Նահապետյանը:

Մեծ Սամսարի բնակիչ Վոլոդյա Մինասյանը կարծում է, որ ճանապարհի շինարարությունը չի ավարտվել:
«Ճանապարհը կառուցվել է 50% -ով: Ճանապարհին վերելքները պետք է հարթեցվեին, 3-4 վերելք պետք է իջեցվեին, բայց չարեցին: Ես տեսել եմ նախագիծը», – ասում է Վոլոդյա Մինասյանը:

Ճանապարհը կառուցել են 3 տարի, 2 ընկերություն: Ճանապարհաշինության առաջին տենդեր-մրցույթը հայտարարվել է 2013 թ.-ի հուլիսին: Մասնակցել են 5 ընկերություն: Մրցույթը հայտարարվել էր ճանապարհաշինարարական այլ աշխատանքների հետ միասին: Տենդերը հաղթել էր ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն, ճանապարհաշինարարության գումարը կազմում էր 54 988 լարի:

Նույն ճանապարհի շինարարության հերթական տենդեր-մրցույթը հայտարարվեց 2014 թվականին: Այս անգամ մրցույթը հաղթեց Բաթումիի «Շատիլի 21» ընկերությունը: Կրկին հայտարարվել էր ընդհանուր մրցույթ ու այս ճանապարհի համար հատկացվել էր 51 841,12 լարի:

Հերթական տենդեր-մրցույթը հայտարարվում է 2016 թվականին: «Էխտիլա – Սամսար» – ճանապարհի համար հատկացվում է 405 752 լարի, ու այդ աշխատանքների համար հաղթող է ճանաչվում «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: Մրցույթը հայտարարվում է օգոստոսին: Քանի որ ընկերությունը ժամանակին չի հասցնում ավարտել աշխատանքները, պայմանագրում մտցվում են փոփոխություններ, ու աշխատանքները տեղափոխում 2017 թվական:

Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը ասում է, որ ճանապարհի շինարարությունն ավարտված է ու այն կառուցվել է նախագծի համաձայն:

«Այն պատճառով, որ ձյուն եկավ նրանք չհասցրեցին ավարտել 2016 թվականին, տեղափոխեցին 2017 թվական: Այդ ճանապարհին ռեագենտ հնարավոր չէ լցնել, դա ասֆալտ չէ: Ճանապարհը կառուցվել է նախագծի համաձայն, ուրիշ ձևով անհնար էր այն կառուցել: Լանջի այս կողմում ձյուն քիչ է լինում: Ճանապարհը անցնում է գետի երկայնքով », – ասում է Ալբերտ Նահակակյանը:

Մարդիկ մեկ-մեկ օգտվում են նաև հին ճանապարհից, սակայն ձմեռը այն հաճախ է փակվում:

Շուշան Շիրինյան