Ախալքալաքի շրջանի գյուղերի բնակիչները բողոքում են, որ հողերի սեփականացման ընթացակարգը թանկ է, և ոչ բոլորին է հասանելի:

Գյուղերի բնակիչները դժգոհում են, որ սեփականացման գումարը շատ ընտանիքների համար բավականին մեծ է: Այդ պատճառով գյուղերում շատ քիչ մարդիկ են իրենց հողերը և տները գրանցել, որպես սեփականություն: Կան բնակիչներ, ում տները մինչև հիմա մահացած մարդկանց անունով են:

Համայակ Աղալարյանը Խանդո գյուղից ցանկանում է իր տունը և հողերը սեփականացնել, սակայն նրան մերժում են.
-”Ասում են, որ ես այլ պետության քաղաքացի եմ: Գնում է իմ կինը, ասում են թող գա տան տերը: Իսկ տան տերը ես եմ: այլ պետության քաղաքացի: Համարյա բոլորին այդպես են պատասխանում: Եվ ստացվում է շրջապտույտ: Իմ կինը և տղան այստեղ են ապրում: Նրանք ունեն 1 հա հող”, – դժգոհում է Համայակ Աղալարյանը:

Հողի գրանցման համար Հանրային ռեգիստրում պահանջում են հողի ընդունման-հանձնման ակտ և տեղեկանք արխիվից ընտանեկան կազմի մասին: Սակայն ընդունման-հանձնման ակտ տարբեր պատճառներով ոչ բոլորը ունեն, ժամանակին մարդիկ ուշադրություն չեն դարձրել այդ հարցին, չեն պահանջել ակտը ու հիմա կանգնել են խնդրի առաջ:

Ռեգիստրում ծառայությունները անվճար են, սակայն տան և հողի սեփականացման համար անհրաժեշտ է կատարել աերոնկարահանում, արխիվից ստանալ փաստաթղթեր, թարգմանել փաստաթղթերը և նոտարով հաստատել, ինչը մարդկանց խոսքերով մոտավոր կազմում է 400-ից մինչև 600 լարի: Արխիվի փաստաթղթերը տարբեր արժեք ունեն: Իսկ աերոնկարահանումը կատարում են մասնավոր անձիք և չկա դրա համար հստակ սահմանված արժեք, սակայն ըստ տարբեր տեղեկությունների աերոնկարահանումը արժե 50-ից 100 լարի:

Ֆելիքս Սարգսյանը նույնպես ցանկանում է սեփականացնել իր տունը և հողերը, սակայն ձևակերպման ընթացակարգը իր համար շատ թանկ է:
-”Ես ունեմ 1 հա հող և տուն: Փաստաթղթերի նախապատրաստումը իմ վրա կնստի մոտավորապես 600 լարի: Որտեղից ինձ այդքան գումար: Թող պետությունը անվճար ձևակերպի”, – ասում է Ֆելիքս Սարգսյանը:

Իսկուհի Մադոյանը Ալաստան գյուղից ասում է, որ իրենց գյուղում շատ քիչ մարդիկ կան իրենց տները սեփականաշնորհել:
-”Իմ տունը մինչև հիմա ին սկեսրայրի անունով է, իսկ նա վաղուց մահացել է: Մենք չենք ասում, թե այդ վճարումները անօրինական են, կամ կաշառք է, սակայն մեզ համար այն թանկ է: Տունը և հողերը նույն տարածքում չեն, դրանք տարբեր տեղերում են գտնվում, ինչի համար էլ աերոնկարահանումը թանկ կնստի: Մեր գյուղում 2-3 ընտանիք կա միայն, որ իրենց հողերը սեփականացրել են”, – ասում է Իսկուհի Մադոյանը:

Կոկիո գյուղից Հովսեփ Ավետիսյանի տունը և հողերը նույնպես սեփականացված չեն:
-”Գյուղի տները՝ ոչ մեկը սեփականացված չի: Սեփականաշնորհել են միայն նրանք, ովքեր իրենց տները ցանկացել են վաճառել: Մենք ինչ եկամուտ ունենք, որ աերոնկարահանումների համար այդքան վճարենք”, – ասում է Հովսեփ Ավետիսյանը:

Ըստ Գայանե Կուրղինյանի, քանի դեռ չկա սեփականության գրանցման խիստ անհրաժեշտությունը, մարդիկ մասայաբար այն չեն իրականացնի:
-”Մեր մոտ բոլորը գիտեն, թե ով ինչքան հող ունի և որտեղ է այն գտնվում: Վարչության ներկայացուցչի մոտ փաստաթուղթ կա, որտեղ նշված է, թե ով ինչքան հող ունի: Գյուղատնտեսական քարտերը մենք ստանում ենք այդ փաստաթղթերի հիման վրա: Իսկ փաստաթղթերի ձևակերպման անհրաժեշտություն դեռևս չկա”, – ասում է Գայանե Կուրղինյանը:

Հարկ է նշել, որ եթե որևէ պատճառով գյուղի բնակիչները մինչև հիմա չեն ներառված գյուղատնտեսական քարտեր ստանալու ցուցակներում, ապա այս տարի ավելացվում են միայն սեփականաշնորհման փաստաթղթի ներկայացման դեպքում:

Շուշան Շիրինյան