Առաջիկա ծրագրերի և անելիքների մասին Jnews-ի զրույցը Ախալքալաքի Սակրեբուլոյի նորընտիր նախագահ Նաիրի Իրիցյանի հետ:

Պարոն Իրիցյան, դուք ընտրվեցիք Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ, որն է լինելու ձեր առաջին անելիքը:

– Ինձ թվում է, խոսելով չէ, 4 տարվա մեջ մենք պետք է կարողանանք աշխատանք ցույց տալ: Ես իմանալով ոչ կառավարական սեկտորը, պետական սեկտորը, նախարարությունների հետ աշխատանքները, պետք է չարչարվենք, որ նոր ծրագրեր բերենք շրջան, որ 4 տարվա մեջ դրական առաջընթաց լինի: Իմ կարծիքով, շրջանում կան ուղղություններ, որ մենք հետ ենք ընկել. օրինակ տուրիզմով, նոր նախագծերով, մշակութային ծրագրերով: Հաճախ վեճ է առաջանում, նոր բան չկա, միշտ հնի կրկրնությունն է: Գնահատական ենք տալիս, որ իրենց աշխատանքին, նոր բան չենք տեսնում, միշտ նույն համերգին ենք գնում, նույն երգին ու պարին: Պիտի աշխատենք, չարչարվենք, որ նոր մարդ ընդունեն, տարբեր տեսակետներ հաշվի առնենք, որ նոր գործեր իրականացվեն:

Պարոն Իրիցյան, դուք նախկինում բազմաթիվ ղեկավար պաշտոններ եք զբաղեցրել, Վարչության նախագահի պաշտոնից մինչև Շրջանային Ժողովի նախագահի տեղակալ, սա ձեզ կօգնի նոր աշխատանքում, թե հակառակը:

– Տեղ կա, որ պրոբլեմ է, շփվելով տարբեր մարդկանց հետ կարող եմ ասել, որ ավելի շատ բան եմ տեսնում: Բայց տեղ էլ կա, որ դու քեզ վատ ես զգում, շրջապատդ մեծ է: Մարդուն գործն ու պաշտոնը չի համապատասխանում իր ուզածին, ինքը կարող է ասել, որ քո մտերիմն է, խնդրում է, ուզած-չուզած դու պետք է այդ մարդուն ասես, որ հնարավոր չէ, նման դեպքերում դու նեղվում ես: Մյուս կողմից նոր աշխատանքին քաջատեղյակ եմ, այսօր մենք մեծ թվով երիտասարդների ենք առաջ քաշել, հիմնականում նոր կադրեր են:

Պարոն Իրիցյան, Ախալքալաքի բյուջեն մոտավոր 17 մլն է, ձեր աշխատանքում կարևոր շեշտադրումը ինչ ուղղության վրա է լինելու:

– Առաջին ու երկրորդ չկա, չկա առավել կարևոր կամ անկարևոր: Ես գիտեմ, որ այսօրվա դրությամբ մեր բյուջեն 17 միլիոնի չափ է, մենք պետք է չարչարվենք, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահենք գյուղական ճանապարհները:

Ես ուզում եմ, եթե հնավավոր է ոչ կառավարական սեկտորը, պատգամավորները, քաղակապետարանի աշխատակիցները, բոլորս հավաքվենք և սեմինարի նման մի բան անցկացնենք, որ իրար հետ աշխատենք: Միայն հարցն առաջ քաշելը չէ, եթե այդ մարդիկ ինձ ընդառաջ չեկան ու ինձ չմիացան համատեղ չաշխատեցինք, մեր աշխատանքը չի ստացվի: Ես ուզում եմ, որ 4 տարի մենք մեկ միասնական թիմով հանդես գանք: Կապ չունի Սակրեբուլոն 5-6 հոգի ընդդիմություն է, ինձ համար դա ընդդիմություն չի նշանակում, եթե ռեալ գործ պիտի պահանջեն, ես դա ռեալ ընդունում եմ: Պետք է աշխատենք, որ արդյունք լինի:

Աղունիկ Այվազյան