Որոնք են Ախալքալաքի նոր քաղաքապետի, նախկին դատախազի և քաղաքականությունում նոր անձնավորության ծրագրերը: Ինչպես է նա անցկացում իր աշխատանքի առաջին օրերը ու այն, թե ինչն է կարևորում շրջանի զարգացման գործում: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Ախալքալաքի նոր քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ հարցազրույցը:

– Դուք երկար ժամանակ աշխատել եք դատախազությունում, ինչով կարող է ձեր փորձը օգնել ձեզ նոր աշխատանքում:

Ես միշտ գործ եմ ունեցել օրենքի հետ, վերջին տարիներին քրեական օրենքի: Շփվել եմ օրենքի բոլոր ճյուղերի հետ, և իմ պրակտիկան ինձ որոշ չափով կօգնի անսխալ աշխատել: Բայց եթե կոնկրետ անդրադառնանք տեղական ինքնակառավարման օրենքներին, այս ոլորտը ինձ համար նորություն է, անհրաժեշտ է ուսումնասիրել տեղական ինքնակառավարման օրենքները ու իմ գործունեությունը ծավարել այդ օրենքների հիման վրա:

– Որպես քաղաքացի, ինչից էիք դուք գոհ կամ դժգոհ նախքան քաղաքականություն մտնելը:

Չի կարելի ասել, որ այս մի քանի տարիների ընթացքում ոչ մի աշխատանք չի իրականացվել: Մեր քաղաքը գրեթե ամբողջովին ասֆալտապատվել է և չգնահատել դա սխալ կլինի: Ասֆալտապատումը առավել ցավոտ կողմերից էր ու այսօր այն ստացել է իր լուծումը, և մեզ բոլորիս հաճելի է քայլել ասֆալտապատ փողոցներով: Սակայն քաղաքը ունի ավելի բարեկարգման և մաքրման կարիք: Իմ ծրագրերից մեկը քաղաքի կանաչապատումն է: Եթե մենք նայենք ամբողջ Վրաստանում ամենաքիչ ծառապատված քաղաքները Ախալքալաքն ու Նինոծմինդան են: Ասել դժգոհ եմ, դա կոպիտ կլինի: Յուրաքանչյուր աշխատանքի մեջ թերություն կլինի, չի սխալվում նա, ով չի աշխատում: Որտեղ աշխատանք, այնտեղ՝ թերություն:

– Արդեն 2-3 օր է քաղաքապետի պաշտոնում եք, ինչ կարողացաք հստակեցնել ձեզ համար և ինչ պլանավորել:

Ես տեսնում եմ, որ աշխատել են հնարավորության շրջանակներում: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում կարգապահությանը, որպեսզի ժամանակին գան գնան ու աշխատեն արդյունավետ, և ոչ թե այլ գործերով զբաղվեն, պարզապես ժամանակ անցկացնեն: Ես միայն հասցրել եմ ծանոթանալ աշխատանքին և աշխատողներին: Դեռ շուտ է որևէ բան ասելու համար: Պետք է խորանալ աշխատանքի մեջ պարզելու համար, թե որտեղ է եղել թերություն ու ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել: Այս օրերին մենք զբաղված ենք գալիք տարվա բյուջեով: Մենք բյուջեում առավելագույնս ընդգրկել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում պարզած խնդիրների լուծման ծախսերը:

– Լսած խնդիրներից որոնք են առաջնահերթայինները:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում պարզվեց, որ մեր բնակչության պահանջները այդքան էլ մեծ չեն: Բյուջեում ներառվել են գյուղ տանող և գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատումը: Հավանաբար, 4 տարում մենք կկարողանանք կարգի բերել բոլոր գյուղական ճանապարհները և դա կլինի մեր մեծ հաղթանակը, քանի որ դա մեր ժողովրդի գերագույն նպատակն է: Հաջորդը` խմելու ջրի խնդիրն է: Բոլոր գյուղերում կա ջուր, բայց չի բավարարում բնակչությանը՝ հատկապես ամառային սեզոնին:

Դպրոցների վերանորոգումը: Կան դպրոցներ, որոնք պետք է նորից կառուցվեն: Հուսով ենք, որ կենտրոնական իշխանությունների, կրթության նախարարության հետ միասին մենք կկարողանանք սկսել շինարարություն: Մենք իրավունք ունենք և պարտավոր ենք միջնորդ դառնալ այս հարցում, որպեսզի ուշադրություն դարձնեն մեր խնդիրներին: Եթե ամեն օր հիշեցնենք այդ մասին, երևի շուտ կարելի է հասնել նպատակին:

– Անցյալ տարվանից Շրջանային վարչությունում լարված սպասում են, որ կլինեն կադրային մասսայական փոփոխություններ, կլինեն արդյոք դրանք:

Կադրային փոփոխություններ հավանաբար կլինեն: Կան մարդիկ, լավ մասնագետներ, ովքեր բարեխղճորեն աշխատում են: Հանրային օգուտից ելնելով նրանք պետք է մնան ու աշխատեն: Բայց կան մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել, նրանք չպետք է աշխատեն: Ով արժանի է, նա էլ աշխատելու է: Բայց այս ամբողջը ժամանակը ցույց կտա: Ես դեմ եմ մասսայական փոփոխություններին:

– Արդյոք քաղաքապետարանում կստեղծվի քաղաքապետին կից հասարակական կազմակերպությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված խորհուրդ:

Ես առաջին անգամ եմ լսում այս Խորհրդի մասին Ձեզանից: Եթե օրենքը դա պահանջի, և եթե դա օգուտ կբերի մեր գործին, ապա դա անշուշտ կլինի: Մենք ցանկանում, որ դրական բաներ շատ լինեն:

Շուշան Շիրինյան