Ախալքալաքում տեղի ունեցավ «Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության տեղական հնարավորությունների ամրապնդում» ծրագրի շնորհանդեսը, ինչպես նաև կայացավ երեխաների մասին ֆիլմերի ցուցադրություն:

Ախալքալաքի «Միմինո» սրճարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության տեղական հնարավորությունների ամրապնդման» նախագծի շրջանակներում նկարահանված ֆիլմերի ցուցադրությունը: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն մեկնարկել է 2016 թվականի հունվարին, կավարտվի 2018 թվականի հունվարին:

Նախագծի շրջանակներում, 2 տարվա ընթացքում, տրվել են մինի-դրամաշնորհներ 5 հասարակական կազմակերպությունների՝ Ախալքալաքում, Բորժոմիում և Ադիգենիում, և 2-ը Ախալցխայում: Կատարվել է նաև ուսումնասիրություն:

«Մենք բաժանեցինք նյութերը, որոնք շատ անհրաժեշտ են դպրոցներում ուսուցիչներին: Մենք ունենք 15 գործընկեր դպրոց: Բաժանել ենք նաև հայերենով: Այս հրատարակության առաջին մասը ուսումնասիրություն է շրջաններում գտնվող երեխաների իրավիճակի մասին, որտեղ բնակվում են էթնիկ փոքրամասնությունները և երեք հիմնական գործոնները, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձրել այս նախագծում: Առաջինը` երեխաների աշխատելն է, երկրորդը և ամենակարևորը դա վաղ ամուսնություններն են, իսկ երրորդը` ընտանիքում բռնությունը», – ասաց նախագծի համակարգող Ցիրա Մեշխիշվիլին:

Ներկայացումից հետո ցուցադրվեցին կարճամետրաժ ֆիլմեր 30 րոպե տևողությամբ: Գլխավոր դերերում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի երեխաներն էին: Ֆիլմերը հիմնականում նկարահանվել են Ադիգենի, Դերծելի, Փխերո, Ուդե գյուղերում, Բորժոմիում, Տաբածղուրիում և Բալանթայում, ինչպես նաև Մառնեուլիում:

Kinopokaz 2

Առաջինը ցուցադրվեց Սալոմե Ջաշիայի նկարահանած «Կիսով չափ կերված կովը» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Ադիգենի շրջանի Դերծելի գյուղի դպրոցի աշակերտների մասին, որոնք պատմում են ապագայի իրենց ծրագրերի մասին, իրենց գյուղի մասին, և թե ինչով են նրանք զբաղվում: Հատկապես ուշագրավ են այն կադրերը, որտեղ երեխաները խոսում են իրենց ապրումների և հիշողությունների մասին, երբ հանդիպում են վայրի կենդանիներին՝ գայլերին, արջերին առանց զենքի: Նրանք մենակ են անասուններ արածեցնում անտառներում, որոնցով շրջապատված է Դերծելի գյուղը:

Երկրորդ ֆիլմը կոչվում է «Ջավախքի ապոլլո», որի ռեժիսորն է Բաքար Չերքեզաշվիլին: Ֆիլմը տղայի երազանքի մասին է, ով ապրում է Բորժոմի շրջանի Բալանթա գյուղում: Նա ամբողջ օրը օգնում է իր մորը: Տղան հայր չունի: Նա հաճախ չի հաճախում դպրոց, օգնում է իր մորը պահել կովերին: Իսկ զուգահեռաբար ամբողջ ֆիլմի ընթացքում հավաքում է տուփեր: Վերջում պարզ է դառնում, որ նա հավաքած տուփերից կառուցել է տիեզերանավ, տեղադրել որոշ լույսեր, և վերջում նա մտնում է այդ նավը իր ձեռքով պատրաստած սկաֆանդրով և թափահարում ձեռքը: Տիեզերանավի վրա գրված է «Ապոլլո ԱՄՆ»:

kinopokaz 3

Երրորդ ֆիլմը նկարահանվել է Մառնեուլիում: Ֆիլմի ռեժիսորն է Մերի Շիխաշվիլին: Այն կոչվում է «Համբույրը միայն կինոյում»: Քաղաքացիական կրթության ուսուցիչը զրուցում է սիրո և սիրահարվածության մասին Մառնեուլիի ադրբեջանական դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտների հետ: Ուսուցչի հարցերը զայրացնում են դասին ներկա տղաներին: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում կոպիտ ձևով, ասելով, որ նման թեմաները տաբուացված են հասարակության համար, որտեղ նրանք ապրում են: Ֆիլմում աղջիկները խոսում են իրենց երազանքների, ապագա ծրագրերի և ավանդույթների մասին, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ծրագրերն ու երազանքները դառնան իրականություն: Նրանք պատմում են վաղ ամուսնությունների մասին, որոնք նրանց պարտադրված են ավանդույթներով, ծնողների ցանկություններով և սոցիալական պայմաններով:

Ցուցադրվեցին նաև ռեժիսորներ Շորենա Տկեշելաշվիլիի «Արզու» և Թակո Սվանիձեի «Ցոցխնարա» և «Խվիտի» ֆիլմերը:

Քրիստինե Մարաբյան