Հոկտեմբերի 23-ից 28-ը Երևանում անցկացված Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն Ախալքալաքից մասնակցել են երեք մարզիկներ, ինչի արդյունքում ընդգրկվել են Հայաստանի հավաքականի կազմ:

Արմեն Գրիգորյանը՝ 60 կիլոգրամ քաշային կարգում միայն եզրափակիչ փուլում զիջել է Վանաձորի մարզիկին և գրավել առաջնության երկրորդ պատվավոր հորիզոնականը։

Արշակ Էլիզբարյանը 1/4 եզրափակչում վնասվածքի պատճառով դուրս է մնացել խաղից: Աղասի Էլիզբարյանը նույնպես կիսաեզրափակիչ փուլ հասնելուց հետո կրկին վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից և արժանացել է բրոնզե մեդալի։

Մարզիկների համար կարևոր և ոգևորեցնող էր այն փաստը, որ ցույց տված արդյունքների շնորհիվ նրանք ընդգրկվել են Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմ։

«Մեր ելույթը բավարար եմ գնահատում: Ցավոք Արշակն ու Աղասին վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել պայքարը, հակառակ դեպքում նրանք հաղթելու մեծ շանսեր ունեին։ Այս տարի կիսաեզրափակչում հաղթեցի Հայաստանի եռակի չեմպիոնին, ինչը չէր հաջողվել անցած տարի, ցավում եմ որ եզրափակչում մինիմալ տարբերությամբ պարտվեցի, սակայն դա մեզ համար մեծ փորձ էր։ Շնորհակալ եմ մեր մարզիչին՝ Ատոմ Էլիզբարյանին», – մեզ հետ զրույցում ասաց մարզիկ Արմեն Գրիգորյանը։

Ջուլիետա Տոնականյան