Սկսվեց Ախալքալաքի անօթևան շներին բռնելու ու Օզուրգեթիի ապաստարան տեղափոխելու գործընթացը: 2 ստուգայցից բռնել են 47 շուն, մինչ տարեվերջ Ախալքալաքից ընդհանուր առմամբ կտեղափոխեն 300 “մարդու ընկեր” անօթևան շների:

Երեկ Ախալքալաքում տեղի է ունեցել անօթևան շներին բռնելու երկրորդ ստուգայցը (ռեյդը): Առաջինը անցկացվել էր 15 օր առաջ: Անօթևան շներին բռնելու ու ապաստարանով ապահովելու տենդեր- մրցույթը հաղթել է Օզուրգեթիից Մարինա Ջանելիձեն: Տեղական բյուջեն դրա համար հատկացրել է 25 423 լարի:

Ախալքալաքի շրջանի Վարչության նախագահի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով, կատարողը գիտի անօթևան շների հավաքվելու տեղերը:

«Մենք արդեն տեղերը ցույց ենք տվել, լուսադեմին սկսում են աշխատանքները և մինչ օրվա վերջ աշխատում են: Նրանք բռնում են ցանցերով, մինչև մեքենայի վանդակները լցվեն », – ասում է Արմեն Խաչատրյանը:

Օզուրգեթիի ապաստարանի ղեկավար Գիորգի Մաղլափերիձեի խոսքերով, շներին բռնելու վրա աշխատում են երկու հոգի:
«Մենք չենք բռնում այն շներին որոնք ունեն մանյակ, որոնք խնամված են, մաքուր են: Մենք բռնում ենք ծերերին, որոնք քորվում են: Մարդիկ մեզ ցույց են տալիս այդ շներին: Բռնել ենք շուկայի տարածքից, տոնավաճառի, ռեստորանների բակերից, քաղաքի կենտրոնից: Մենք պատվաստում ենք կատարում, նշում և տեղափոխում ապաստարան», – ասում է Գիորգի Մաղլափերիձեն:

Հավաքած շներին Օզուրգեթիի ապաստարան են տեղափոխում հատուկ մեքենայով՝ վանդակների մեջ, իսկ հիվանդ շներին կատարում են էվթանազիա և թաղում Քութայիսում:

Յուրաքանչյուր ստուգայցից հետո, ըստ ապաստարանի ղեկավարի, անցկացվում է մոնիտորինգ:

Հերթական հավաքումը կլինի հաջորդ ամիս: Համաձայն պայմանագրի, նրանք պետք է կատարեն իրենց աշխատանքը ամիսը երեք անգամ: Անհրաժեշտության դեպքում ստուգայցները կավելացվեն:

Շուշան Շիրինյան