Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախատեսվում է վերանորոգել խորհրդարանի շենքերը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ՝ Քութայիսում:

Քութայիսի խորհրդարանի նոր շենքը կառուցվել է 2012 թվականին: Այդ ժամանակից ի վեր, այս քաղաքը համարվում է Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք: Հենց այստեղ է թույլատրված անցկացնել լիագումար նիստեր, իսկ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացնել Թբիլիսիում՝ հին խորհրդարանի շենքում:

Հորդառատ անձրևների ժամանակ Քութայիսի խորհրդարանի շենքի ապակե կառուցվածքից բազմիցս ջուր է ներթափանցել: Բացի դրանից, խորհրդարանականները ու օրենսդիր մարմնում լիազորագրված լրագրողները հաճախ դժգոհում էին շենքի օդորակման համակարգի անսարքությունից:

«Բոլորդ կարող եք տեսնել, թե ինչ վիճակում է Քութայիսիի խորհրդարանի շենքը և դրան հարակից տարածքը: Իրավիճակը, իսկապես թողնում է հուսալ լավագույնին: Ցավոք, ջուրը հոսում է շենքից ներս: Անհրաժեշտ է անհապաղ վերանորոգում, ներառյալ ապակե կառույցների տանիքները, ինչպես նաև կարևոր է հարակից տարածքի բարեկարգումը», – հայտարարել է Կոբախիձեն:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Քութայիսի խորհրդարանի հարակից զբոսայգին նախատեսվում է նաև հանրային օգտագործման համար:

«Դա պետք է արվի ոչ միայն խորհրդարանի համար, ոչ միայն պատգամավորների ու աշխատակիցների համար: Այս զբոսայգին, որը կվերականգվի հարակից տարածքում, կծառայի Քութայիսի բնակիչներին», – ասել է նա:

Ըստ Կոբախիձեի, վերանորոգման կարիք ունի նաև Թբիլիսիի խորհրդարանի շենքի մի մասը:

«Թբիլիսիի խորհրդարանի շենքում կա մեկ մաս, որն ունի վերանորոգման կարիք: Այստեղ կկառուցվեն նոր սրահներ, այդ թվում նաև գիտաժողովների ու այլ միջոցառումների համար», – նշել է Կոբախիձեն:

Խորհրդարանը տեղափոխվել է Քութաիսի Վրաստանի սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որոնք կատարվել են իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախաձեռնությամբ: Քութայիսի խորհրդարանի ժամանակակից նորաձև շենքը կառուցվել է հնարավորինս կարճ ժամանակում:

2012 թ. Խորհրդարանական ընտրություններից հետո, իշխանափոխության արդյունքում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները բազմիցս բարձրացրեցին Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի վերադարձի հարցը Թբիլիսի: Սակայն հարցը այդպես էլ մնաց բաց:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, Քութայիսին շարունակում է մնալ Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք, իսկ Վրաստանի խորհրդարանի գտնվելու վայրի ժամանակավոր փոխելը, հանդիպում կամ նիստ հրավիրելու համար, թույլատրվում է միայն արտակարգ իրավիճակների դեպքում: