Հոկտեմբերի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում ընտրողի ձայների համար կպայքարեն 4 թեկնածու: Մենք ներկայացնում ենք թեկնածուների համառոտ կենսագրությունները ու այն հարցի պատասխանը, թե քաղաքապետ դառնալու դեպքում թեկնածուի համար, ինչն է համարվում առաջնային:

Մամիկոն Սահակյանը Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է «Ժողովրդավարական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցության կողմից: Ծնվել է 1964 թ. Բոգդանովկա (այժմ Նինոծմինդա) քաղաքում: 1981 թ.-ին ավարտել է Նինոծմինդայի №2 միջնակարգ դպրոցը: Ունի երկու բարձրագույն կրթություն՝ տեխնիկական և իրավաբանական: 1998 թ. գերազանց ավարտել է Վրաստանի Պետական անվտանգության ակադեմիան: 1992-1995թթ.-ը աշխատել է Նինոծմինդայի № 134 Գյուղատնտեսական տեխնիկական ուսումնարանանում արտադրական վերապատրաստման վարպետ: 1995-ից մինչ 2015 թվականը եղել է Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Պետական անվտանգության նախարարության աշխատող: 2015թ.-ից մինչև հիմա աշխատում է Նինոծմինդայի №2 հանրակրթական դպրոցում որպես ուսուցիչ: Ամուսնացած է, ունի երեք որդի:

«Իմ առաջին և հիմնական խնդիրը` մեր տարածաշրջանում արդարության ապահովումն է», – ասում է Մամիկոն Սահակյանը:

Մխիթարյան Գրիգոր (Լյովա) «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի Հայրենասերների Դաշինք» դաշինքի թեկնածուն է: Ծնվել է 1960թ.-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում: 1967-1977 թթ. սովորել և գերազանց ավարտել է Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելիի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ծառայել է Խորհրդային բանակում: Ունի բարձրագույն իրավաբանական և տնտեսական կրթություն: 1988-1991թթ. աշխատել է որպես իրավաբան Նինոծմինդայի Շրջանային սպառման միավորումում: 1991-2011թթ. աշխատել է Վրաստանի հարկային ծառայությունում: 2010 թ.-ից մինչ օրս Գանձա գյուղի համայնքից Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր է: Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:

Հիմնական առաջնահերթությունն է՝ «Տեղական իշխանությունների լիազորությունների առանձնացումը (գործադիր և ներկայացուցչական) քաղաքապետարանի մակարդակով»:

Արայիկ Բդոյանը «Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքից քաղաքապետի թեկնածուն է: Ծնվել է 1985թ.-ին Նինոծմինդայում: 2002թ.-ին ավարտել է քաղաքի №1 միջնակարգ դպրոցը: 2010թ.-ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը: Մասնագիտությամբ իրավաբան է: 2008թ.-ից մինչև 2014 թվականը աշխատել է մանկավարժական ինստիտուտում դասախոս: 2009թ.-ին որպես իրավաբան մասնակցել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ամուսնացած չէ:

«Սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը» նրա հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Անիվարդ (Անի) Մոսոյանը «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածուն է: Ծնվել է 1974 թ. Բոգդանովկա քաղաքում: 1991թ.-ին ավարտել է Նինոծմինդայի №2 միջնակարգ դպրոցը: 1996թ.-ին ավարտել է տնտեսա-իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ հոգեբան է: 2000թ.-ին ավարտել է Թբիլիսիի «Գաենաթի» համալսարանը, մասնագիտությամբ հոգեբան է և վրաց լեզվի ուսուցչուհի: 1994 թվականից աշխատում է Նինոծմինդայի №1 միջնակարգ դպրոցում, որպես վրաց լեզվի ուսուցիչ: 2008-2009 թթ. եղել է Նինոծմինդա քաղաքի №1 դպրոցի տնօրեն: 2009-2011 թվականներին եղել է Նինոծմինդայի շրջանի Ռեսուրս կենտրոնի տնօրեն: 2014 թ.-ից Սակրեբուլոյի պատգամավոր է: Նա ղեկավարել է խմբակցություն, սպորտի և մշակույթի հանձնաժողովը: Տիրապետում է վրացերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

Նրա առաջնահերթություններից է՝ «Ուժեղ ինքնակառավարում, ուժեղ Վրաստանի համար»:

Բորիս Ղարսլյան