Ախալքալաքում ամեն կին չի համաձայնի աշխատել որպես մատուցողուհի, նույնիսկ, եթե գումարի կարիք ունի: Ախալքալաքում շատերը գիտակցում են, որ ստեղծված տեսակետը այն մասին, որ մատուցողուհին թեթև վարքի տեր աղջիկ է, պարզապես անիմաստ կարծրատիպ է: Սակայն շատերը շարունակում են առաջնորդվել այս կարծրատիպով:
Ախալքալաքի սպասարկման ոլորտը դժվար և տաբուացված թեմա է: Գտնել լավ սպասարկող աշխատակազմ` ռեստորանների, հյուրանոցների և սրճարանների համար, գրեթե ամենադժվարն է:
«Սրճարանի բացման հետ (1 տարի) մենք փոխել ենք մատուցողներին` 4 անգամ: Աշխատավարձը բավականին բարձր է: Բայց գտնել փորձառու սպասարկող աշխատակազմ այստեղ գրեթե անհնար է: Եթե տղաներն անեն դա, ես կարծում եմ, որ լավ կլինի: Մեր հաստատությունը միշտ կանգնած է խնդրի առջև, մատուցողները կամ աշխատում են` շատ վատ, կամ չեն համաձայնում պայմաններին ու հեռանում են: Մեր սրճարանը գալիս են և կանայք երեխաների հետ, և տղամարդիկ: Հաճախ մեզ մոտ գալիս են զբոսաշրջիկներ, քանի որ սրճարանը քաղաքի կենտրոնում է: Սա մեր ընտանեկան բիզնեսն է, հետևաբար պայմանները նույնպես տարբերվում են: Հարբած մարդկանց չեք հանդիպի, մենք այդ ամենին հետևում ենք», – ասում է «Գրանդ Մուր» սրճարանի սեփականատեր Հովհաննես Մուրադյանը:
Ժամը 18:00-ից հետո Ախալքալաքի փողոցները դատարկ են: Հիմնական մարդաշատ վայրերն են խաղատները, ռեստորանները, որտեղ կանանց մուտքը չգրանցված բարոյական օրենքներով արգելված է: Այցելուները տղամարդիկ են, խմում են, ծխում, բարձրաձայն խոսում, անձնակազմի ներկայությամբ ոչ պատշաճ արտահայտվում և դա սովորական վարք է Ախալքալաքում նման տեսակի հաստատությունների համար:
Ախալքալաքի բնակչության մեծ մասը համարում է, որ սրճարաններն ու ռեստորանները «պարկեշտ» կանանց համար չեն, շատերը չեն ցանկանում մեկնաբանել իրենց վերաբերմունքը այս թեմայով: Ամոթ է այնտեղ գնալը, հատկապես այնտեղ աշխատելը:
«Ընտանիքի», «պարկեշտ» կանանց համար կան հատուկ սրճարաններ, որտեղ հիմնականում տղամարդիկ չեն գնում:
Էմման երկար տարիների փորձ ունեցող մատուցող է, ով շատ աշխատատեղեր է փոխել: Նա կարծում է, որ մատուցողի աշխատանքը շատ անշնորհակալ գործ է:
«Մեզ մոտ մարդիկ մի քիչ կոպիտ են: Մտածում են, քանի որ աշխատում ես որպես մատուցողուհի, կարող են ասել հասցեիդ ինչ որ վատ բաներ: Հիմնականում վատ վերաբերմունք է ցուցաբերվում այն մատուցողուհիներին, ովքեր եկել են այլ վայրերից: Իմ հանդեպ նման վերաբերմունք չկա, քանի որ ինձ քաղաքում բոլորն էլ ճանաչում են: Բայց և այնպես մեզ մոտ մատուցողուհիներ աշխատում են եկվորները: Թեև կին մատուցողուհիները կարող են առիթ չտալ, բայց կան ամբարտավան, անշնորհք մարդիկ: Իսկ մեծ քաղաքներում, ով իրավունք ունի վիրավորելու մեկ ուրիշին, միանգամից դուրս կանեն», – ասում է փորձառու մատուցողուհի Էմմա Պետրոսյանը:
Չնայած այն հանգամանքին, որ մի քանի տասնամյակ առաջ Ախալքալաքի ռեստորաններում սպասարկման գործում զուտ տղամարդիկ էին, այսօր մատուցողներ այստեղ հազվադեպ են հանդիպում, և բացի այդ ոչ թե որպես ռեստորանի մշտական աշխատակիցներ, այլ ինչպես սպասարկող աշխատակազմ մեծ միջոցառումների ժամանակ (հարսանիքներ, հոգեհաց…)
Անդրանիկ Ռապյանը մեծ սիրով է կատարում իր աշխատանքը: Նրան կարելի է տեսնել մեծ բանկետներին, քանի որ շատերը ցանկանում են, որ միջոցառումը սպասարկի հենց նա, կոկիկ սպիտակ վերնաշապիկով, թիթեռնիկ-փողկապով տղան:
«Ես միշտ աշխատում եմ որպես մատուցող: Ամռանը Բաթումիում, իսկ ձմռանը, հարսանիքների սեզոնին` Ախալքալաքում: Բաթումիում եկամուտները քիչ են, քան այստեղ սեզոնին, բայց ամռանը Ախալքալաքում բավականաչափ աշխատանք չկա, այդ պատճառով գումար վաստակելու համար գնում եմ Բաթումի», – ասում է Անդրանիկ Ռապյանը:
Նույնիսկ եթե ինչ-որ կերպ հարազատները համաձայնեն, որ կինն աշխատի որպես մատուցողուհի, ապա նրանք ամեն կերպ փորձում են, որ հնարավորինս քիչ մարդ իմանա այդ մասին: Նվարդ Հովհաննիսյանը «Չայխանա» պորտալի հայկական տպագրության լրագրող է: «Վրաստանի ներբերված մատուցողուհիները» վերնագրով իր նյութի վրա աշխատելու ժամանակ, երբ նա փորձել է ծանոթանալ տարօրինակ և Ջավախքին հատուկ խնդրին, տեսել է թե ինչպես է մատուցողուհին նրա հետ հարցազրույցի պատճառով բռնության ենթարկվել տղամարդու կողմից:
«Ամենադժվար մասը մարդկանցից հարցազրույց վերցնելն էր, հիմնականում չեն խոսում: Հրաժարվում էին, իսկ նրանք, ովքեր համաձայնում էին զուգընկերոջ կողմից կարող էին ենթարկվել բռնության, որ հրաժարվեն հարցազրույցից: Լրագրողների հանդեպ վստահություն չկար: Երբ տեսնում են տեսախցիկը անմիջապես փոխվում են, զգուշանում», – ասում է Նվարդը:
Սպասուհու աշխատանքի մասին կարծրատիպը զարգացել է ոչ հիմա, և ոչ միանգամից: Այս մասնագիտության հանդեպ այսպիսի վերաբերմունքի արմատները բխում են անցյալ դարի 80-ական թվականներից, այդ ժամանակ Ախալքալաքում կար “Ջավախեթի” ռեստորանը, որտեղ աշխատում էին միայն տղամարդ մատուցողներ: Հետո հայտնի էր “Վոլնա” ռեստորանը, որը գտնվում էր Խոսպիո գյուղի ջրամբարի մոտ և «Ռազգուլյայ» ռեստորանը ռազմական բազայում: Այն ժամանակ ռեստորանում որպես անսովոր երևույթ ի հայտ եկան կին մատուցողները, այն հաշվարկով որ ռեստորան այցելում էին սպաներ կանանց հետ կամ տղամարդիկ սիրուհիների հետ:
Քրիստինե Մարաբյան
Ջուլիետա Տոնականյան