Ձմռանը Ախալքալաքի շրջանի դպրոցների մեծամասնությունը շարունակում է դրական ջերմաստիճան պահպանել փայտե վառարանների օգնությամբ:

Ախալքալաքը գտնվում է ծովի մակարդակից 1800-2100 մետր բարձրության վրա: Ձմռանը ջերմաստիճանը երբեմն -40-ից ավելի ցածր է լինում: Այստեղ ջեռուցման շրջանը սկսվում է ավելի վաղ: Ջեռուցման շրջանը Վրաստանի հանրակրթական դպրոցներում սկսվում է նոյեմբերի 1-ից, իսկ Ջավախքում հոկտեմբերի: Jnews-ը պարզել է, թե որքանով են դպրոցները պատրաստ ձմռանը:

dasasenyak

Ինչով են ջեռուցվում Ախալքալաքի շրջանի հանրակրթական դպրոցները

Ախալքալաքի շրջանի ոչ բոլոր հանրակրթական դպրոցներն ունեն կենտրոնացված կաթսայատներ, բայց ջեռուցվելու միջոցներ բոլորն ունեն:

Շրջանի 65 դպրոցների գերակշիռ մասը՝ թվով 47 դպրոց ձմռանը դասասենյակներում դրական ջերմաստիճան է ապահովում վառարանների օգնությամբ, որոնք որպես վառելանյութ օգտագործում են վառելափայտ:

Երկու դպրոց, որպես վառելանյութ օգտագործում է դիզվառելիք, իսկ մնացած 16 դպրոցները գազաֆիկացված են և ունեն կենտրոնական ջեռուցման համակարգ:

Baraleti dproc

Բարալեթ գյուղի թիվ 1 հանրային հայկական դպրոցը գտնվում է վառարաններով տաքացվող դպրոցների ցանկում: Երեք հարկանի այս կառույցի ընդամենը առաջին հարկն է ծառայում աշակերտներին: Հանրակրթական այս դպրոցում ուսանում է 80-ից ավելի երեխա: Երկաթե դռնից ներս բացվող պատկերը տպավորիչ է: Երկար միջանցքի պատերին աշակերտների ձեռագործ աշխատանքներն են: Պատին փակցված յուրաքանչյուր նկար կամ դետալ այնքան խնամքով է արված, ինչը խոսում է այս դպրոցի կարգ ու կանոնի մասին: Ամենուր աշակերտական նստարանները կոկիկ դարսված են, իսկ դասասենյակները մաքուր:
vararan

Դպրոցի հյուսիսային հատվածի դասասենյակները սեպտեմբեր ամսից ստիպված են լինում ջեռուցել:

«Շենքային խնդիր ունենք, հյուսիսային կողմի դասասենյակները ցուրտ են: Դպրոցն իր ուժերով երբեք չի կարող գազաֆիկացնել շենքը, միջամտություն է հարկավոր, հիմնական խնդիրը ջեռուցումն է: Ինչպես նաև անհրաժեշտ է վերակառուցել երկրորդ հարկը, քանի որ սպորտդահլիճ չունենք և միջոցառումները միջանցքում ենք անցկացնում», – նշեց դպրոցի տնօրեն Լենա Զոփունյանը:

mijancq

2017 թվականին Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը կենտրոնական ջեռուցման համակարգ է անցկացրել Վարևան գյուղի հանրային դպրոցում: Եվ ընթացքի մեջ են Արագվա գյուղի դպրոցի կենտրոնական ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները, որը իրականացվում է անհատ բարերարի հատկացրած միջոցներով:

2016-2017 ուսումնական տարում Ախալքալաքի շրջանի 65 դպրոցներում սովորում է 7176 աշակերտ:

Աղունիկ Այվազյան