“Black and Caspian sea” կորեական ընկերության ղեկավարները այցելեցին Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տեղի հատվածին ծանոթանալու համար, քանի որ դիտարկում են Ախալքալաքը ինչպես շահավետ տարանցիկ միջանցք:
Ընկերությունը նույնիսկ ընտրել է «Caucastransexpress» տրանզիտային ընկերությանը, որպես գործընկեր, ում միջոցով իրականացնելու է իր փոխադրումները: “Black and Caspian sea”-ն պատրաստ է հաջորդ տարվա հունվարից Ախալքալաքի միջով տանել իր ապրանքները:
«Կարծում եմ, որ Ախալքալաքի կայարանը ապագայում շատ կարևոր տեղ է լինելու, որպես տրանզիտային միջանցք, ուստի եկել եմ այստեղ տեսնելու համար այն: Մենք ցանկանում ենք, որ Կենտրոնական Ասիայից ստացված ապրանքները տեղափոխվեն Թուրքիա և Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներ: Հուսով եմ, որ միջանցքը կայուն կլինի», – ասում է “Black and Caspian sea” ընկերության տնօրեն Լի Դոնգը:
Ընդհանուր առմամբ, կորեացիները տեղափոխելու են Ղազախստանից և Ուզբեկստանից` պոլիպրոպիլեն և պոլիէթիլեն:
«Caucastransexpress» ընկերության նախագահ Գիորգի Դանելիան գտնում է, որ Ախալքալաքի դերը շատ կարևոր է Բաքու-Թբիլիսի- Կարս նախագծում:
«Միջանցքը դառնում է շատ գրավիչ, ու այդ միջանցքում կարևորագույն այլընտրանքներից է նախատեսվում Ախալքալաքը: Երկաթգծով ապրանքների փոխադրումը ամենաէժաններից է», – ասում է Գիորգի Դանելիան:
«Caucastransexpress» ընկերության շրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին կարծում է, որ եթե բեռները անցնեն Ախալքալաքի կայարանով, ապա դա հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր և զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում:
«Կբացվեն տերմինալները, հարկերը կմտնեն տեղական բյուջե: Ես շատ հույսեր ունեմ, տեսնենք, լավ կլինի, եթե իրականացվի: Դրական ազդեցություն կլինի: Կզարգանա նաև զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկները կծանոթանան մեր ամենօրյա կյանքի հետ, կհամտեսեն Ջավախքի խոհանոցը և կծանոթանան Ջավախքի տարբեր ազգությունների ավանդույթներին: Բացի այդ, Հայաստանը նույնպես կարող է իր ապրանքները տանել Ախալքալաքով», – ասաց Միխայիլ Կոլիկիդին:
Շուշան Շիրինյան