Սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյի միջադեպից տուժել են թե գյուղի բնակիչներ, թե ոստիկանության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ 12 հոգի վնասվածքներ են ստացել, 6 ոստիկանության աշխատակից և 6 գյուղացի, որոնց թվում 10-ամյա մի տղա:
Գումբուրդոյում մարդկանց և ոստիկանների բախման հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանային հիվանդանոց են դիմել ոստիկանության 6 աշխատակից, այդ թվում Ախալքալաքի ոստիկանապետը: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տվյալներով, սեպտեմբերի 30-ին տեղի ունեցածից հետո, սկզբում ոստիկանության 4 աշխատակից է դիմել հիվանդանոց, իսկ ավելի ուշ ևս երկուսը: Նրանց վիճակը ծանր չի եղել, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ի տարբերություն ոստիկանների, նույն միջադեպից տուժած բնակիչները բժիշկների օգնությանը չեն դիմել: Սակայն, ըստ Գումբուրդո գյուղի բնակիչների, միջադեպից տուժել են 6 գյուղացի, որոնցից մեկը 10 տարեկան երեխա: Երեխան հայտնվել է իրադարձությունների կենտրոնում և վնասել է մեջքը: Երեխան այս պահին գտնվում է տանը, սակայն չի կարող նորմալ քայլել և ցավեր ունի մեջքի շրջանում: Գյուղացիների պատմելով, երեխայի վերջույթները և ողնաշարը ժամանակ առ ժամանակ թմրում է, և միայն մերսումներից հետո է երեխան զգում:
Jnews-ը վկա էր, թե ինչպես արյունաթաթախ Մկտրիչ Մղդեսյանը դիմեց հարևանությամբ ապրող բնակիչների օգնությանը: Նա գլխի շրջանում պատռվածք էր ստացել, որը վիրակապեցին Գումբուրդո գյուղի բնակիչները:
Գումբուրդո գյուղի բնակիչները, չցանկացան, որ մենք տեսնենք և խոսենք տուժված մարդկանց հետ, պատճառաբանելով, որ այդպիսով կխուսափեն հետապնդումներից և ոստիկանների հարցաքննությունից: