Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն ասում է, որ ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն Գումբուրդոյի (Կումուրդո) եկեղեցու տարածքից և կկանգնեցվի հուշակոթող:

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը, մեկնաբանելով jnews.ge-ին, 2017 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Գումբուրդոյի միջադեպը, ասել է, որ դա չպետք է տեղի ունենար, քանի որ նախապես քննարկվել է ոսկորների վերաթաղման և հուշարձանի տեղադրման հարցը:

«Կես ամիս առաջ ես և նահանգապետը, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, գյուղական համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցինք, գտանք համապատասխան վայր ուր կտեղափոխվեն թաղվածների ոսկորները: Ճիշտ է այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Բայց սեփականատերը կարող է մի փոքրիկ հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանանք այնտեղ վերաթաղել և հուշարձան տեղադրել», – ասաց Նիկոլոզ Անթիձեն:

Այն հարցին, թե ինչու են որոշել թաղվածների ոսկորները եկեղեցու տարածքից դուրս բերել, նա պատասխանեց. «Առաջին հերթին այնտեղ լինելու է նոր դարպաս, և նոր դարպասը չի համապատասխանում հին եկեղեցու կառույցին, հուշարձանի հետ: Մենք պետք է շարունակենք հնագիտական պեղումները եկեղեցու վերականգնման աշխատանքներից հետո, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք տեղանքը, ենթակառուցվածքների զարգացումը»:

Նախնական տարածքը, որտեղ որոշվել է կատարել նոր վերահուղարկավորումը գտնվում է գյուղում եկեղեցու ցանկապատից 5 մետր հեռավորության վրա:

Ըստ Անթիձեի, պեղումների ժամանակ հողից դուրս եկած ոսկորների մնացորդները հետազոտվել են:

«Սա այն մարդկանց մնացորդներն են, ովքեր գնդակահարվել են XX դարի սկզբին, երբ խորհրդային իշխանությունը մտավ Վրաստան: Նրանք գնդակահարում էին հիմնականում եկեղեցիներում կամ աղոթքի համար նախատեսված վայրերում: Մենք ցանկանում եք տեղադրել հուշարձան և հարգանքի տուրք մատցուցել այդ մարդկանց, կապ չունի, այնտեղ միայն հայեր են, թե միայն վրացիները, կամ երկուսն էլ, մենք ուզում ենք հարգել նրանց հիշատակը», – ասաց Նիկոլոզ Անթիձեն:

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը գտնում է, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տիրող լարվածությունը արհեստականորեն է հրահրված կոնկրետ մարդկանց կողմից:

«Մենք արդեն երկրորդ տարին է աշխատում ենք այնտեղ, նման բան չի եղել այնտեղ, կարծում եմ, սա սադրանք է, ժողովուրդը տեղական իշխանությունները, մեր վերականգնողները, բոլորը միասին են աշխատում, այն ամենը, ինչը տեղի է ունեցել այնտեղ, սա պետք էր ինչ-որ ոչ անկեղծ ուժերի, իրավիճակը սրելու համար», – ասաց նա:

Այն հարցին, ինչու են եկեղեցու տարածքը հսկում ոստիկանության հսկիչ անձնակազմը և ինչու բնակիչներին չեն թույլատրել մտնել տարածք, Նիկոլոզ Անթիձեն պատասխանեց.
«Մենք ունենք նոր մոտեցում, լինում է, որ վերականգնման ընթացքում ինչ-որ բան է կորչում: Բոլոր վայրերում, որտեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ` Ածղուրիում, Սաֆարայում, ամենուր կա ոստիկանության պահակախումբ: Մենք այդպիսով ապահովագրում են ինքներս մեզ և շրջապատում գտնվողներին: Չեն թույլատրել քանի որ նրանք ցանկանում էին ուժով մտնել և մի քար տեղադրել: Այդպես չի կարելի, որ երբ ուզենաս, գաս հուշարձան տեղադրես», – ասում է նա:

Ամեն շաբաթ Գումբուրդոյում բնակիչները գնում են եկեղեցի, աղոթում և մոմեր են վառում: Ըստ Անթիձեի, ոչ-ոքի չի արգելվում մտնել եկեղեցու տարածք:
«Աղոթել, ոչ-ոք չի արգելում: Դա ոչ-ոք չի կարող անել: Այնպես, որ տարածքը հսկվում է, որ այնտեղ ոչինչ չկորչի, կամ ինչ-որ նոր բան չմտցվի: Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, մարդիկ մտան այնտեղ, և աղոթեցին», – ասում է նա:

Գումբուրդոյի տաճարի վերականգնումը սկսվել է 2016 թվականին և կավարտվի 2021 թվականին:

Սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցավ բախում գյուղացիների և ոստիկանների միջև: Բնակիչները ցանկանում էին մտնել եկեղեցու տարածք և հուշարձան տեղադրել իրենց նախնիների վերաթաղված մնացորդների գերեզմանին, սակայն մոտ 30 հոգուց բաղկացած ոստիկանների խումբը նրանց թույլ չտվեց: Արդյունքում, իրավիճակը տաքացավ և տեղի ունեցավ բախում: Դեպքի վայր ժամանեց հատուկ նշանակության զորքը: Բախումների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ, բնակիչներ ու ոստիկաններ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածների վերաբերյալ, որոնք ենթադրում են հարձակում գործել ոստիկանի վրա, վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, ինչը զգալի վնաս է հասցրել, ինչպես նաև խուլիգանություն: