Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին անդրադառնալով, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին ասել է, որ իրենց ապարատը պատրաստվում է գործ ուսումնասիրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ:
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝ թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը և պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին խաչքար տեղադրելու համար, որտեղ վերաթաղված է գյուղի բնակիչների նախնիների ոսկորները, որոնք հայտնաբերվել են X դարի եկեղեցու տարածքում վերականգնման աշխատանքների ժամանակ: Գյուղի բնակիչները ամիսներ շարունակ դժգոհում էին այն բանի համար, որ իրենց նախնիների գերեզմանները պղծվում են: Ոսկորների մի մասը վերաթաղված է: Բնակիչները ցանկանում են խաչքար տեղադրել այդ հավաքական գերեզմանի վրա:
Սակայն Ախալքալաքի ոստիկանությունը թույլ չտվեց, որ բնակիչները եկեղեցու բակ մտնեն, ասելով, որ իրենք նման հրաման չունեն: Մարդկանց և ոստիկաննների միջև տեղի ունեցավ բախում: Արդյունքում, հատուկ ջոկատայինները բնակիչներին ցրելու համար օդ կրակեցին, ստեղծվեց քաոսային իրավիճակ և մարդիկ քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավորներ, թե ոստիկանության, և թե գյուղի բնակիչների շարքերում: