Այսօր, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում անցկացվեց սեմինար «Մեր կանայք լիդեր են» նախագծի շրջանակներում:

«Մեր կանայք լիդեր են» նախագիծը իրականացնում է «Մեդիայի զարգացման հիմնադրամը»: Այս նախագծի նպատակն է ակտիվացնել կանանց և ներգրավել երկրի քաղաքական և հասարակական կյանք։

Նախագծի շրջանակներում «Մեդիայի զարգացման հիմնադրամը» հայտարարել է մրցույթ լիդեր կնոջ մասին լավագույն նյութի համար: Մրցույթին կարող են մասնակցել տարբեր տարիքի ակտիվ կանայք, հասարակական գործիչներ և բլոգերներ։ Մասնակիցները պետք է գրեն ու ներկայացնեն մի կնոջ, ով լիդեր է հասարակության մեջ։ Հաղթող է ճանաչվում և ներկայացնողը և լիդեր կինը, ում ճիշտ ներկայացրել են։ Անցյալ տարի 10 կանայք Վրաստանում ճանաչվել են մրցույթի հաղթող, այդ թվում և Սեդա Մելքումյանը Ախալքալաքից, ով Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ է Սամցխե-Ջավախքում:

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մրցույթի մասին մանրամaսն տեղեկատվություն կարելի է ստանալ www.georgia.ge կայքից:

«Այս նախագիծը ֆինանսավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կից գործող կենտրոնը: Նպատակն է՝ նպաստել լիդեր կանանց բացահայտմանը, ինչպես նաև նպաստել, որպեսզի քաղաքական կուսակցությունները հաշվի առնեն իրենց նախընտրական ծրագրերում այն հարցերը, որոնք մտահոգում են կանանց։ Մենք նպաստում ենք այն հարցերի բացահայտմանը, որոնք հուզում են կանանց: Մշակում ենք հանձնարարականներ քաղաքական կուսակցություններին, որպեսզի հաշվի առնեն այդ հարցերը», – ասում է «Մեդիայի զարգացման հիմնադրամի» խորհրդի նախագահ՝ Թամար Կինձուրաշվիլին։

Նախագծի տևողությունը 6 ամիս է: Ծրագրի ընթացքում անցկացվել են սեմինարներ և կլոր սեղաններ Վրաստանի 9 քաղաքներում: Բացի այդ, անցյալ տարի ընտրված կին առաջնորդները հարցում են անցկացրել, որի հիման վրա արվել է վերլուծություն կանանց ներգրավվածության մասին երկրի հասարակական և քաղաքական կյանքում։

«Մեր կանայք լիդեր են» նախագիծը կավարտվի սույն թվականի ապրիլին, կոնֆերանսով: Այդ ժամանակ կհայտարարվեն  հարցման արդյունքները։

Քրիստինե Մարաբյան