Ախալքալաքի Մկրտիչ Սարգսյան փողոցի բնակիչներն արդեն երկու տարի է ինչ սպասում են ջրի խողովակի վերանորոգմանը, որը կոտրվել էր ճանապարհաշինության ընթացքում։

Բնակիչները երկու տարի շարունակ սպասել են, որ մի գեղեցիկ օր կգան ու կնորոգեն, սակայն ինչպես մեզ տեղեկացրին, ոչ տեղական իշխանությունն է տեղյակ եղել խնդրին, ոչ էլ Վրաստանի ընդհանուր ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը։

jur1

«Ճանապարհները ասֆալտապատելուց հետո, սկսեց ջուրը հավաքվել։ Հենց արև է լինում, անտանելի հոտ է տարածվում, երեխաները խաղում են, մեքենաներն անցնում են, ջուրը թռնում է դռներիս, լրիվ հակահիգենիկ է։ Տղաս դիմել է, չգիտեմ ինչ են պատասխանել, բայց արդեն երեք տարին լրանում է ոչ մեկի մտքով չի անցնում վերանորոգել։ Չեմ կարծում, որ կոյուղու ջուր լինի, խմելու ջրուղին նորոգելու ժամանակ խողովակը կոտրվեց, ու հիմա երևի այդ ջուրն է դուրս գալիս», – մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչ Սարգսյան փողոցի բնակիչ Լալա Գաբրիելյանը, ավելացնելով, որ գոնե ընտրությունների կապակցությամբ վերանորոգեին:

mkrtich

Այն հատվածում, որտեղ ջուր է հավաքվում, ասֆալտի մակարդակը ցածրացել է և քանդվել։ Բնակիչներին անհանգստացնող հիմնական թեման տարածքում խաղացող երեխաների առողջությունն է, ովքեր մտնում են կեղտոտ ջուրը։

«Երեխաները ջուրն են ընկնում, շներն են գալիս, լակում, շատ հակահիգենիկ վիճակ է։ Երեխայի գնդակը ընկել էր ջուրը, մաքրելուց հետո էլ ահավոր հոտ էր գալիս։ Չենք էլ կարող արգելել երեխաներին դուրս գալ», – ասաց նույն փողոցի բնակիչ Արուսյակ Հակոբյանը։

jur3

Պատասխանատու մարմիններից ստացանք հուսադրող պատասխան:
«Մեզ այդ հարցով չեն դիմել, տեղյակ չենք, ինչ խնդրի մասին է, բայց անպայման կգնանք ու կնայենք», – մեզ հետ զրույցում խնդրի մասին ասաց Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրեն Վարդ Մոսոյանը։

Ջուլիետա Տոնականյան