Այսօր, սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների և, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար:

Արա Բաբլոյանը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

«Միմյանց հետ հարաբերություններում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ ճշմարիտ սկզբունքով՝ մեր միջև չլուծվող խնդիրներ չկան»,- նշել է Արա Բաբլոյանը: Միաժամանակ հույս հայտնել, որ ապագայում ևս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, նոր ուղիներ կգտնվեն բազմաբնույթ շփումների սերտացման համար` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը: Արա Բաբլոյանը վրաց գործընկերոջն առաջարկել է առավել հաճախակի դարձնել երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը փոխայցերի, համատեղ քննարկումների ձևաչափով:

Վրաստանի խորհրդարանի նախագահը, խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես նկատել է, որ թեև այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, սակայն վրաց-հայկական բարեկամությունն դարերի պատմություն ունի: Իրակլի Կոբախիձեն վստահեցրել է, որ Վրաստանի խորհրդարանական բոլոր ուժերն ունեն միատեսակ դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական ու քայլեր ձեռնարկվեն դրանք առավել ամրացնելու ուղղությամբ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարը հայ գործընկերներին մանրամասն ներկայացրել է իրենց երկրում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

Կողմերը քննարկել են տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու խորհրդարանի պատվիրակությունը Թբիլիսում այցելել են Հերոսների հրապարակ:

Տեղեկատվությունը՝ parliament.am