Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկո Մոգերինիի հետ:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: Կողմերը քննարկել են Վրաստան-ԵՄ հարաբերություններին, Վրաստանում իրականացվող բարեփոխումներին և Վրաստանի անվերահսկելի տարածքներին վերաբերող հարցեր:

Վրաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին և Մոգերինին քննարկել են Վրաստանի ձեռքբերումները և բարեփոխումները, որոնք նպաստում են վրաց-եվրոպական հարաբերությունների սերտացմանը: Ֆեդերիկո Մոգերինին ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում:

Մոգերինին նաև նշել է, որ Վրաստանը եղել է կարևոր հարցերի ցանկում, որոնք քննարկվել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման ընթացքում:

Կվիրիկաշվիլին և Մոգերինին մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգի վերաբերյալ, որը նախատեսվում է նոյեմբերին:

Լուսինե Աստոյան