Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն այսօրվանից անցնում է աշխատանքի նախընտրական ռեժիմի: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Ընդունված ռեգլամենտի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանն անցնում է աշխատանքի նախընտրական ռեժիմի: Անհրաժեշտության դեպքում մենք խորհրդարանական նիստեր կանցկացնենք միայն անհրաժեշտության կամ արտահերթ նստաշրջանի ձևաչափով»,- հայտարարել է Կոբախիձեն:

Վրաստանում ընդունված ռեգլամենտի համաձայն, նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարում ընտրություններից մեկ ամիս առաջ խորհրդարանն իրավունք չունի լիագումար նիստեր անցկացնելու: Այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

Անհրաժեշտության դեպքում, նախընտրական շրջանում խորհրդարանը կարող է լիագումար նիստ գումարել միայն Խորհրդարանի նախագահի սեփական նախաձեռնությամբ կամ օրենսդիր մարմնի 1/4 մասի պահանջով:

Աղունիկ Այվազյան