Շաքարի կամ աղի բարձր պարունակությամբ մթերքները նոր ուսումնական տարվա ընթացքում, սեպտեմբերի 15-ից, այլևս չեն վաճառվելու Վրաստանի դպրոցների ճաշարաններում, հաղորդում է Rustavi2 հեռուստաընկերությունը, հղում անելով փոխվարչապետ, Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավային:

Կրթության և գիտության նախարարությունը Գյուղատնտեսության նախարարության և Առողջապահության նախարարության հետ միասին սկսել են երկրի դպրոցներում օգտակար ուտելիք մատակարարելու ակտիվ աշխատանքը: Վրաստանի դպրոցների ճաշարաններում որոշել են արգելել չիպսերի, չորահացերի, շոկոլադի, քաղցրավենիքի և գազային խմիչքների վաճառքը: Ավելի վաղ Ջեջելավան ասել էր, որ ծրագրի շրջանակներում աշակերտները շաբաթը մեկ անգամ կստանան խնձոր:

Շաբաթ օրը նախարարը մասնակցել է «Դպրոցի կառավարման և լիդերության համաժողովին», որին ներկա էին Վրաստանի ավելի քան 200 հանրային դպրոցներ տնօրեններ և ավելի քան 50 կրթության ոլորտի մասնագետներ, պետական կառույցների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Էնդոկրինոլոգ Թամարա Զերեկիձեն աջակցում է նախարարության որոշումը` արգելել դպրոցների ճաշարաններում վնասակար մթերքները: Նա այս նախաձեռնությունն անվանել է՝ քայլ առաջ աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի խթանման գործում:

Մինչ հիմա դպրոցականները սնվում էին աշխարհի ամենավնասակար տասնյակը լրացնող սնունդով, մինչդեռ նրանց աճող օրգանիզմը մսամթերքի, կաթնամթերքի, հացահատիկայինների, բանջարեղենի և մրգերի կարիք ունի, ասել է բժիշկը Sputnik Georgia-ին:

Աղբյուրը՝ Sputnik Georgia