Ինչ չափորոշիչներով են առաջնորդվում Թբիլիսիի բուհերի ազգությամբ հայ ուսանողները: Ինչպես են հաղթահարում լեզվական դժվարությունները և ինչու են ընտրում այս կամ այն մասնագիտությունը:

2016-2017 ուսումնական տարում 1+4 ծրագրով վրացական բուհեր են ընդունվել 373 հայ դիմորդ: Մասնագիտության ընտրության արջև էին կանգնած ինչպես այս տարի ուսանող դարձած շրջանավարտները, այնպես էլ անցած տարի 1+4 ծրագրով ընդունվածները:

Ռիմա Մառանգոզյանը մեկ տարի առաջ որոշեց բարձրագույն կրթություն ստանալ Թբիլիսիում: Լեզվի ուսուցման կուրսը նա արդեն հաջողությամբ ավարտել է և ընտրել լրագրողի մասնագիտություն, քանի որ անգլերենի բաժին չկար իրեն ընտրած համալսարանում:

«Շատ հետաքրքիր էր: Մի տարին այնքան բան է փոխում մեջդ: Անցած տարի չէի կարող պատկերացնել, որ այսօր կընտրեմ լրագրողի մասնագիտությունը: Այդ մեկ տարին ինձ լիովին բացեց, կոնկրետացա: Որպես անհատ դրսևորվում և ռեալ գիտակցում ես, և քեզ պատկերացնում կոնկրետ ինչ-որ մի ոլորտում: Հիմա ուզած-չուզած մի մասնագիտություն պիտի ընտրեի և ամենամոտիկը, սրտիս հոգեհարազատը՝ ժուռնալիստիկան էր, եթե լեզուները չէ, ուրեմն լրագրությունը», – նշեց Ջավախիշվիլիի անվան համալսարանի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Մառանգոզյանը:

Ռիման նշում է, որ 0 կուրսն այնքան բարդ չէր, ինչքան ներկայացնում էին: Թբիլիսիում սովորող գրեթե բոլոր հայ ուսանողներին ճանաչում է, այնտեղ ձևավորվել է ուսանողների կուռ մի բանակ, ովքեր միասին ծրագրեր են իրականացնում, շփվում և հետաքրքիր ժամանց կազմակերպում: Թբիլիսիում ուսանող երիտասարդները նշում են, որ հեշտությամբ ինտեգրվում և հարմարվում են վրացական միջավայրին: Դժվարը առաջին մի քանի ամիսն է, եթե հաղթահարես, լեզվին տիրապետես, ուրեմն ամեն ինչ շատ հեշտ է:

«Կարող եմ ասել, որ մեր համալսարանում 400 հոգի կա, 350 հարյուր տոկոս ճանաչում եմ: Մենք շատ համախմբված ենք, այնքան շատ ենք միջոցառումներ անում, որ չենք նկատում ինչպես է ժամանակն անցնում: Կարող եմ ասել, որ մեկ տարին բավական էր վրաց լեզվին տիրապետելու համար, հիմա ես մենակ շատ բարդ բառերը կարող է չհասկանամ»,- պատմեց Ռիման:

Արուսյակ Ֆարմանյանը ևս ընտրել է թբիլիսյան բուհ, որպեսզի հետագայում հեշտությամբ կարողանա աշխատանքի տեղավորվել: 1+4 ծրագրով ընդունվել է բուհ և առաջին տարին հաղթահարելով, կանգնել է ընտրության առաջ: Երկար մտածելուց հետո նա ընտրել է միջազգայնագետի մասնագիտությունը:

«Ինձ միշտ հետաքրքրել է տարբեր երկրների ավանդույթներն ու փոխհարաբերությունները, դրա համար որոշեցի միջազգայնագետ սովորեմ: Այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս մի քանի լեզվի տիրապետել: Հույս ունեմ, որ ավարտելուց հետո կկարողանամ Ախալքալաքում նորմալ աշխատանք գտնել», – իր ընտրության մասին պատմում է Արուսյակը, ավելացնելով՝ «Ես առանձնապես դժվարությունների չհանդիպեցի, ճիշտ է, հեշտ չէր, բայց այնպես էլ չէր, որ դժվար էր, նորմալ ուսանողական օրեր էին»:

Մասնագիտական կողմնորոշման մասին շատերն են մտածում, սակայն դրա հետ մեկտեղ մասնագիտություն ընտրելիս հաճախ առաջնորդվում են նորաձևության միտումներով: Հաճախ հաշվի չառնելով աշխատաշուկայի պահանջները։

jnews-ի փոքրիկ հարցումը Վրաստանի բուհերում սովորող ուսանողների շրջանում, պարզ դարձավ, որ ամենաշատ դիմորդները եղել են իրավագիտության ֆակուլտետ: Այս մասնագիտությունը շարունակում է մնալ հեղինակություն վայելող և նորաձև: Այնուհետեւ դիմորդների հետաքրքրության շրջանակում են անգլերենը, օտար լեզուները, միջազգային հարաբերությունները, լրագրությունը և բժշկությունը:

Քրիստինե Մուրդյանը 100 տոկոսանոց դրամաշնորհ է ստացել պետությունից և բարձրագույն կրթությունը կշարունակի Թբիլիսիի Բժշկական համալսարանում: Մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվել է աշխատաշուկայի պահանջներից և մարդկանց օգտակար լինելու նկատառումներից:

«Ճիշտն ասած փոքրուց չեմ սիրել բժշկությունը, բայց իմ կյանքում եղավ մի շրջան, որ սկսեցի սիրել և գիտակցել բժշկի մասնագիտության ամբողջ պատասխանատվությունը, և մարդկանց բուժելու ձգտումը ինձ տարավ դեպի բժշկություն: Ախալքալաքում լավ բժիշկները քիչ են և ես ձգտում եմ, անկախ դժվարություններից լավ բժիշկ դառնալ: Ամեն տեղ սիրում եմ բարդ ընտրություն կատարել», – պատմում է Քրիստինե Մուրադյանը:

«Իրավաբանություն եմ ընտրել, ինձ միշտ հետաքրքրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, դեռ մանկուց սիրում էի: Միշտ թրեյնինգների էի մասնակցում և այս ոլորտը հետաքրքիր է ինձ», – ասում է Զոյա Թաթարյանը, ով այս տարի է բուհ ընդունվել:

Դիմորդների շրջանում մեր իրականացրած հարցման արդյունքում պարզվեց նաև, որ մասնագիտություն ընտրում են ոչ միայն սեփական կամքով, այլ ծնողների հորդորով: Զոյան չի վախենում նոր միջավայրում սովորելու, հարմարվելու դժվարություններից:

«Հիմնականում բոլորն էլ ասում են, որ ամենաուշը երկու ամսից ամեն ինչ կանցնի, հարմարվում ես, լեզուդ կոտրվում է: Անկեղծ ասած ես ուզում էի Երևան գնալ երգի գծով, բայց ծնողներս ասացին, որ՝ չէ, շոու բիզնեսը բարդ ոլորտ է, փող պիտի ունենաս և այլն, դրա համար էլ Թբիլիսի ընտրեցի»,- հավելում է Զոյա Թաթարյանը:

Աղունիկ Այվազյան